HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մեխանիզմը։ ՆԳՆ առաջարկով՝ վարելու իրավունքի դադարեցման հիմքի վերացումից հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում քաղաքացին մեկ անգամ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննության, օրենքով սահմանված պետական տուրքը վճարելով (բազային տուրքի հիսնապատիկի չափով` 50.000 դրամ)։

Դրանից հետո կսահմանվի փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու դեպքում վարորդական իրավունքի վկայականը կարող են ստանալ միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո:

Վարորդական իրավունքից զրկվելու ժամկետի ավարտից հետո քաղաքացուն խիստ սահմանափակ՝ 6 տուգանային միավոր կտրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ սեղմ ժամկետներում լուծել խնդիրը։

Հիշեցնենք, որ վարորդական իրավունքից զրկվածները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում, դժգոհում էին տեսական քննությունից, ասում, թե իրենք տարիքով մեծ են և չեն կարողանում բոլոր հարցերին պատասխանել։ Նրանցից շատերը վարորդական իրավունքից զրկվել էին խմած վարելու համար։

Փաշինյանը հայտնել էր, որ վարորդական իրավունքից զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չի լինի այն վերականգնելու համար։

«Նրանք, ում դեպքում մեկ տարին արդեն լրացել է, մենք առաջարկում ենք, որ հնարավորություն ունենան վերականգնվելու՝ առանց քննության։ Որ պահին վերականգնվեց, վարորդին տրվում է ոչ թե 13 բալ, այլ՝ 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում մարդը իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, 13 բալին»,- հայտնել էր նա։

Փաշինյանի առաջարկը քաղաքացիները ծափահարություններով ընդունեցին։

ՆԳՆ-ն կարծում է, որ նման մոտեցումը պետությանը թույլ կտա վերաիմաստավորել անձի վարքագծի փոփոխության տրամաբանությունը առավել նվազ միջամտությամբ՝ չխաթարելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ապահովել վարորդի ռեաբիլիտացիան՝ վարորդին տալով հնարավորություն՝ սահմանափակ պայմաններով փորձաշրջանի ընթացքում ապացուցելու իր վարքագծային փոփոխությունը։

Ներկայում վարորդական իրավունքից զրկվածները ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքը վերականգնելու համար քննություն են հանձնում՝ անկախ նրանից՝ առաջին անգամ են զրկվել, թե՝ ոչ։

«Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը և կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո, հատկապես առաջին անգամ զրկումների պարագայում, կիրառվում են վարորդի վարքագծի փոփոխությանը միտված առավել թիրախային մեթոդներ՝ զուգահեռաբար ապահովելով դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն։

Օրինակ՝ կիրառվում են վարելու իրավունքից զրկված անձանց լրացուցիչ դասընթացների, վերապատրաստումների, վարվող տրանսպորտային միջոցներում ալկոփականների տեղադրման, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանման և այլ ընթացակարգեր»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Մեկնաբանություններ (5)

Gevorg
Շատ ճիշտ որոշում է, սա մեծ դաս է այն մարդկանց ովքեր զրկվել են և 1 տարի իրավունք չեն ունեցել վարել։ Եթե նախկինում կար տուգանք, որը կարծեմ 100,000 դրամ էր, այն կանխարգելիչ դեր չէր խաղում՝ խմած ղեկին նստելու համար։ Իսկ 1 տարի զրկելը, արդեն իսկ կանխարգելիչ է, վստահ եմ, զրկվածների 90 տոկոսը այլևս ղեկին խմած չեն նստի, գիտակցելով այս ամենը։
Նելլի
Առաջարկում եմ, կիրառել՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում։ Մասնավորապես՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ լինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա» ։ Իմ նկարագրած խնդիրը պրակտիկայում իսկապես համակարգային է, ոչ թե «վարորդները չեն ուզում վճարել» պատմություն։ Իմ բերած օրինակներում շատ դեպքեր իրականում կապված են ոչ թե հանրային վտանգավոր վարքագծի, այլ՝ * գերխիստ վարչարարության, * տեխնիկական ֆիքսումների, * և քաղաքային կազմակերպման խնդիրների հետ։ Հիմնականում 2-րդ գիծ 60 վրկ փոխարեն ասենք 62 վրկ կանգնած լինելուն, ինչը տաքսու վարորդների համար ամենախնդրահարույց հարցն է, և/ կամ 60 վրկ-ում հաճախորդ իջեցնելուն և հաջորդ հաճախորդի նստեցնուն հասցնելը և իհարկե տաքսու համար ոչ թույլատրելի կանգառում կանգառ կատարելը և սպասարկելը… Էլ չեմ ասում կարմիր գծերը իր տարեկան տուրքով։ Գալիս է տուգանքը, անվճարունակ լինելու պատճառով գնում հարկադիր։ Այսօր, վարորդների մեծ մասը չեն կարողանում օգտվել նաև ի դրամ հավելվածից այդ հիմքով հարկադիրում հայտնվելու համար։ Երբ վարորդը օրական 12-14 ժամ աշխատում է քաղաքում, այդպիսի ակտերը կուտակվում են երկրաչափական պրոգրեսիայով, հետո գնում են հարկադիր, հետո սկսվում է ֆինանսական «փակ շղթան»։ Սռաջարկս՝ քննարկվող «վարորդական իրավունքների համաներումը» տարածվի հարկադիրում գտնվող վարչական ակտերի վրա։ Եվ եթե քաղաքական-իրավական տրամաբանությամբ նայենք, ապա իմ նկարագրած սոցիալական շերտը հենց այն խումբն է, որի վրա նման քայլը ամենաշատ ազդեցությունը կունենա։ Եվ 2018թ-ի հսմաներման նախադեպը այստեղ շատ կարևոր փաստարկ է, որովհետև պետությունը արդեն մեկ անգամ ցույց տվել է, որ կարող է տարբերակել՝ * հանրային վտանգավոր խախտումները և * «վարչարարական կուտակումից» առաջացած պարտքերը։ Եվ իմ նշած տարբերակումը շատ կարևոր է նաև նրանով, որ եթե երբևէ համաներում լինի, շատ հավանական է, որ փորձեն քաղաքական ու հանրային առումով այն «արդարացնել» հենց այս տրամաբանությամբ՝ * ոչ թե հարբած վարելու, * ոչ թե ծանր խախտումների, * այլ սոցիալ-վարչարարական բնույթի կուտակված ակտերի մասով։
Անահիտ
Ճիշտ որոշում է պետք է հնարավորություն տալ մարդկանց ոչ բոլորնեն հարբում ղեկին մնացածին էլ դաս կլինի
Զոհրաբ
Իսկ եթե զրկված ժամանակ քրեական գործա եղել բայց 2 տարի անցելա էտ դեպքում կտրամադրվի վարորդական վկայականը
Արայիկ
Դուք լիովին ճիշտ եք կեցեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter