HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարինե Մկրտչյան. «Խնդիրներ կան, որոնց լուծումը կինն ավելի հստակ կարող է տեսնել, քան տղամարդը»

Դոնարա Հարությունյանին Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար նշանակելու փաստը 1970-ականներին միանշանակ չընդունվեց հատկապես բնակչության արական սեռի կողմից: «Մե ղայդին տղամարդըմ չկար, օր կնիգ կնշանակեն գլխներիս ղեկավար»,- իրենց պարտքն էին համարել բարձրաձայնելու լենինականցիները: Շատ տարիներ անց, երբ Շիրակի մարզպետ նշանակվեց Լիդա Նանյանը, բողոքի բուռն դրսևորումներ չարձանագրվեցին, սակայն նույնատիպ խոսակցություններից խուսափել հնարավոր չեղավ, տղամարդիկ կրկին փնթփնթացին, թե «Կնիգմարդն ինչ է, օր իրա ղեկավարած մարզն ինչ էղնի»:

Ասել, թե գյումրեցիները կտրականապես դեմ են կանանց ներկայացվածությանը ղեկավար պաշտոններում, սխալ կլիներ: Չմոռանանք, որ երկար տարիներ էլ մարզի մշակութային կյանքը ղեկավարում էր կամային հատկանիշերով և կազմակերպչական մեծ ունակություններով օժտված Հասմիկ Կիրակոսյանը: Մեծ հաշվով, կանայք Գյումրիի ու մարզի կառավարման գործում այնքան էլ մեծ դերակատարում չունեն: Նրանք հիմնականում ներգրավված են մշակույթի, կրթության, առևտրի և սպասարկման ոլորտներում:

Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղաքի բնակչության մոտ 60 տոկոսը կանայք են, սակայն Գյումրու ավագանին երբևէ կին ներկայացուցիչ չի ունեցել իր կազմում: «Կան հարցեր, խնդիրներ, որոնք անմիջապես առնչվում են կանանց, և նրանց ձայնը այդ խնդիրների լուծման տեսանկյունից շատ կարևոր կլիներ, եթե, իհարկե, մենք ունենայինք ավագանու կին անդամ»,- ասում է ավագանու թեկնածու Կարինե Մկրտչյանը: 33-ամյա կինը երկու երեխայի մայր է: Աշխատանքային գործունեությունը սկսել է մեդիայի, այնուհետև հմտացել սոցիալական ոլորտներում: Մեկ տարի առաջ հիմնել է նորաձևության սրահ:

«Հինգ տարի պահանջվեց ինձնից նախապատրաստական աշխատանքների համար, որ այս գործը սկսեմ: Գյումրիում ինքնուրույն գործ սկսելը կնոջ համար մի փոքր բարդ բան է,- ասում է Կարինե Մկրտչյանը:- Դրա համար նախ հարկ է հաղթահարել սեփական ընտանիքի ստեղծած խոչընդոտները, որովհետև որքան ես եմ նկատել, հասարակությունն այդ առումով ավելի լոյալ է, ավելի հանդուրժող է ու բաց»:

Կարինեի դիտարկումները հանգեցրել են այն համոզման, որ գյումրեցու ընտանիքում հենց աղջիկ երեխա է ծնվում, անմիջապես առաջ են գալիս բոլոր «զսպանակները», կառավարման մեխանիզմները, որոնք սովորաբար չեն կիրառվում տղա երեխայի դեպքում: Ընտանիքի այդ մոդելը, որ հիշեցնում է յուրօրինակ փակ համակարգ, որտեղ դպրոցահասակ աղջկա ծնողներն, օրինակ, արգելում են նրան խաղալ, շփվել, դասարանում նստել տղաների կողքին, բնականաբար հետագայում ավելի է աղավաղում անհատի պատկերացումները իրական կյանքի մասին:

«Ինչ պիտի հագնի, ինչ տեսք պիտի ունենա աղջիկը. սրանք առաջնահերթ խնդիրներն են: Կներեք արտահայտության համար, որպես «ապրանք» պիտի անպայման ներակայանալի լինի, ի վերջո թաղ է, փողոց է, հարևան-բարեկամի կանանց հեղինակավոր կարծիք է, ամեն ինչ պիտի հաշվի առնել, ինչ դիպլոմ պիտի ունենա՝ որպես օժիտի կցորդ, դե ամուսնանալու հարց կա և այլն: Ծնված օրվանից քո ապագա կյանքի ուղին գծում են ուրիշները: Շատ քիչ է լինում, որ աղջիկը բացահայտ համարձակվի հանդես գալ սեփական կյանքի նկատմամբ որոշում կայացնելու առաքելությամբ, բացահայտ մերժի ծնողների նախագծած ուղին,- բացատրում է Կարինեն:- Գյումրիում ինչ-որ բանի ինքնուրույն հասնելու համար կինը նախ պիտի հաղթահարի սեփական ընտանքի հարուցած դժվարությունները, եթե ամուսնացած չէ՝ ուրեմն հայրական, եթե ամուսնացած է, ապա ավելանում է նաև ամուսնու ընտանիքը: Հասարակությունն ավելի բաց է քո նկատմամբ: Լրջագույն պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ քո դեմ դուրս է գալիս քո իսկ ընտանիքն իր ավանդույթներով և ձևավորված կարծրատիպերով: Եթե ուժեղ ես, կկոտրես, եթե ոչ՝ ուրեմն քեզ կկոտրեն»:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններից հետո հնարավոր է՝ «տղամարդկանց ակումբ» տիտղոսին արժանացած Գյումրու ավագանու վերաբերյալ տարիների ընթացքում ձևավորված կարծրատիպը կոտրվի հենց կանանց շնորհիվ: Ավագանու առաջադրված 71 թեկնածուից 6-ը կին է: Նրանցից թեկուզ մեկի ներկայությունն էլ դրական տեղաշարժ կարձանագրի ավագանու աշխատաոճում:«Քաղաքը մերն է» նախաձեռնության կողմից ավագանու թեկնածու առաջադրված Կարինեն չի բացառում, որ բոլոր 6 կանայք էլ ընդգրկվեն ավագանու կազմում:

«Եթե հաշվի առնենք, որ մեր քաղաքն առավելապես «տղամարդկանց քաղաք» է, ապա կանանց այսօրինակ ակտիվությունը պիտի միայն ողջունել, քաջալերել ու աջակցել,-ասում է Կարինե Մկրտչյանը:- Մեր մասնակցությունը ավագանու աշխատանքներին միայն դրական էմոցիաներ կառաջացնի: Խնդիրներ կան, որոնց լուծումը կինն ավելի հստակ կարող է տեսնել, քան տղամարդը: Բացի դրանից՝ բրգաձև կառավարումը, որ մշտապես գերիշխող է եղել, կդառնա ավելի հորիզոնական, համագործակցային, չի լինի միանձնյա՝ առանց դեմ ու ձեռնպահ կողմերի ավագանու նիստեր: Կիշխի բազմակարծությունը»:

Երիտասարդ գործարար կնոջ կարծիքով՝ Գյումրիում արձանագրվող արտագաղթի մեծ ծավալների մեջ իր մեղքի բաժինն ունի համայնքապետարանը համայնքից իր օտարվածությամբ: Մարդասիրական օգնությունների պատճառով տարիներ շարունակ յուրօրինակ կախվածության մեջ հայտնված գյումրեցիներին թմբիրից հնարավոր է դուրս բերել՝ տարբեր ծրագեր իրականացնելով: Աշխատանքային հմտությունների զարգացում կարճ ժամանակում. ահա թե ինչ է հարկավոր այսօր գյումրեցուն ինքնաբավ դառնալու համար:

«Քաղաքապետարանը պիտի պարբերաբար ուսումնասիրություններ անցկացնի, ճանաչի իր համայնքը, գնահատի առկա ներուժը, շուկայի այսօրվա պահանջներն ու պատվիրատու լինի գործող կրթական հաստատություններին,- բացատրում է Կարինեն,- Սեղանի շուրջ խնջույքային որոշումներ կայացնելու փոխարեն՝ ժամանակն է, որ թե համայնքի ղեկավարը, թե ավագանին, «գազելի գծեր», խանութների համար տարածքներ օտարելուց զատ, սկսեն նաև լուրջ ծրագրեր իրականացնել: Կարծում եմ՝ այս ընտրությունները բավական մեծ փոփոխություններ կբերեն, ուրախալի է հատկապես կանանց ակտիվությունը, ողջունելի կլինի նրանց ներդրումը ավագանու ինստիտուտի կայացման գործում, իսկ դրանից կշահեն միայն Գյումրին ու գյումրեցին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter