HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային օրենսգրքում «ծնողական ժամ» կսահմանվի

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու եւ «ծնողական ժամ» սահմանելու առաջարկին՝ այն համարելով անհետաձգելի։ Օրենքի փոփոխության նախագծի նպատակն է ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը։ 

«Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Մինչև տասներկու տարեկան, ինչպես նաև հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև տասնութ տարեկան երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ և շարունակական խնամք, ուշադրություն և ներգրավվածություն։

Աշխատանքային պարտականությունների և ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի արդյունավետության վրա։

Ծնողական ժամի տրամադրումը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին առավել ճկուն կերպով կազմակերպել իրենց աշխատանքային և ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով երեխայի խնամքի, կրթության և առողջության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն։

Միաժամանակ, այն նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության պահպանմանը։ Տարբերակված մոտեցումը (կախված երեխաների թվից և երեխայի հաշմանդամություն ունենալու հանգամանքից) բխում է սոցիալական արդարության սկզբունքից, քանի որ բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ծնողները բախվում են առավել մեծ խնամքի բեռի։ Հետևաբար, նրանց համար նախատեսված առավել երկար ծնողական ժամը համաչափ և հիմնավորված աջակցություն է։

Ծնողական ժամի ներառումը աշխատաժամանակում և դրա ընթացքում աշխատավարձի պահպանությունը երաշխավորում է, որ աշխատողը չի կրի ֆինանսական կորուստ՝ իր ծնողական պարտականությունները կատարելու պատճառով, ինչը համապատասխանում է սոցիալական պետության սկզբունքներին և աշխատանքի իրավունքի հիմնարար երաշխիքներին։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող դրույթները նպաստում են ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը, երեխաների բարեկեցության բարձրացմանը և աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը»,- ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ gov.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter