HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սրբազան պայքար»-ի գործով 4 մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց

«Սրբազան պայքար»-ի գործով դատարանն այսօր՝ մայիսի 21-ին, երկու ամսով երկարացրեց մեղադրյալներ Արթուր Սարգյսյանի, Իգոր Սարգսյանի, Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը։ Միայն մեղադրյալ Կարո Օկումշյանի տնային կալանքը երկարացվեց 1 ամսով։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նշեց՝ Արթուր Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու կամ փոխարինելու վերաբերյալ ենթակա է մերժման, քանի որ ապացուցման գործընթացին միջամտելու հիմքերը դեռ առկա են։ Դատախազը միջնորդեց պահպանել տնային կալանքը և այն երկարացնել ևս 3 ամսով։

Հանրային մեղադրողի խոսքով՝ թեև պաշտպանը որպես նոր հանգամանք ներկայացնում էր այն, որ Արթուր Սարգսյանն ընդգրկված է նախընտրական ցուցակում և ունի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչություն կարող են իրականացնել վստահված անձանց միջոցով։

Արթուր Սարգսյանն էլ հայտարարեց՝ վստահ է, որ մինչև հունիսի 8-ը մնալու է կալանքի մեջ։

Վարույթը հիմնական դատալսումների փուլում է, ապացույցների հետազոտում չեն կատարել, ուստի դատավոր Կարեն Ֆարխոյանը Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց 2 ամիս ժամկետով՝ շեշտելով՝ մեղադրյալն իր բնակության վայրում կարող է հյուրընկալել և շփվել այլ անձանց հետ՝ բացառությամբ այս քրեական վարույթով մասնակիցների, վկաների։

«Նոր Հայաստանում նոր բան եղավ՝ ԱԺ պատգամավորի թեկնածուն քարոզչություն չի կարող անել»,- դատարանի որոշումը լսելուց հետո հայտարարեց Արթուր Սարգսյանը։

«Դատարանը Ձեզ թույլատրել է, կարող եք»,- նշեց դատավորը։

«Հարգարժան դատարան, ո՞նց եք պատկերացնում, 100 000 բնակչությանը հրավիրեմ, գան մեր տուն, գնա՞ն»,- պատասխանեց Սարգսյանը, որից հետո բոլորին հրավիրեց իր տուն։

Թեև Իգոր Սարգսյանի պաշտպանը հայտնել էր վերջինիս առողջական խնդիրների մասին, նաև նշել էր, որ նա ևս պատգամավորի թեկնածու է, դատարանը նրա տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգեց՝ թույլատրելով տանը հյուրընկալել անձանց, բացառությամբ՝ այս քրեական գործի հետ առնչություն ունեցողներին։

«Խնդիրը մեզ մեկուսացնելն է՝ որոշակի քաղաքական պրոցեսներից հեռու պահելու համար»,- ասաց Իգոր Սարգսյանը։

Կարո Օկումշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 1 ամսով, կիրառված խափանման միջոց 1,5 մլն դրամ գրավը նվազեցվեց և սահմանվեց 500 000 դրամ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 4-ին՝ ժամը 15։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter