Հայկական օրգանական արտադրանքը տարբերանշան կունենա
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ։ Այդպիսով կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները։
Ըստ հիմնավորման՝ առաջարկվող «Հայաստան օրգանական» տարբերանշանը մշակել է Braind բրենդինգային ընկերությունը և անհատույց տրամադրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Այն հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշն է, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով՝ որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ:
«Տարբերանշանը նախատեսված է ինչպես հիմնական տարբերակով՝ բաց ֆոնի վրա կիրառման, այնպես էլ երկրորդական տարբերակով՝ մուգ կամ կանաչ ֆոնի վրա կիրառման համար, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանել տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը կիրառման ընթացքում։
Որոշման ընդունումը կնպաստի նաև տարբերանշանի ինքնության պաշտպանությանը, կնպաստի Հայաստանի՝ որպես բարձրակարգ օրգանական արտադրանքով երկրի ճանաչելիության բարձրացմանը, ինչը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների աճին»,- ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել