Քրեական վարույթ՝ պետական դավաճանության եւ լրտեսության դեպքի առթիվ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ, որն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Թեւանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր (մանդատը վայր է դրել 2023 թվականի օգոստոսին-խմբ), 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
«ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու ակնկալիքով։ Թեւանյանն «ապօրինի ցուցում» է որակել վարչապետի հայտարարությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել