Իրանը խաղաղության համաձայնագրի նոր առաջարկ է ստացել ԱՄՆ-ից
Ամերիկյան կողմը Թեհրանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նոր տարբերակը։ Նման հայտարարություն է տարածել իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Վաշինգտոնը փաստաթուղթը փոխանցել է պակիստանյան միջնորդների միջոցով։ Tasnim-ը գրում է, որ Իրանը ուսումնասիրում է տեքստը և դեռևս պատասխան չի տվել։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել հարվածները Թեհրանի ուղղությամբ, եթե Իրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագրին։ Այդուհանդերձ, Թրամփը հնարավոր է համարել, որ Վաշինգտոնը, «ճիշտ պատասխան ստանալու համար», կարող է մի քանի օր սպասել։
«Հավատացեք, եթե ճիշտ պատասխաններ չստանանք, ամեն ինչ շատ արագ տեղի կունենա»,- ասել է Թրամփը։ Պատասխանելով, թե որքան է պատրաստ սպասել Վաշինգտոնը, ԱՄՆ նախագահը հավելել է. «Դա կարող է լինել մի քանի օր, կամ կարող է տեղի ունենալ շատ արագ»:
Axios-ի տվյալներով՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև Իրանի հետ համաձայնության ձեռքբերման նոր փորձը: Axios-ի աղբյուրների խոսքով՝ Թրամփն ասել է, որ միջնորդները աշխատում են «մտադրությունների նամակի» վրա, որը պետք է ստորագրեն ԱՄՆ-ն և Իրանը, որպեսզի պաշտոնապես ավարտեն պատերազմն ու սկսեն բանակցությունների 30-օրյա շրջանը:
Ընդ որում, Նեթանյահուն, ինչպես նշում է Axios-ը, բանակցությունների նկատմամբ խիստ վատատեսորեն է տրամադրված ու ցանկանում է վերսկսել պատերազմը, որպեսզի թուլացնի Իրանի ռազմական հնարավորությունները։ Պարբերականի աղբյուրներից մեկը պատմում է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Նեթանյահուի «մազերն այնպես էին ցցվել»։ Իր հերթին Թրամփն ասել է, որ Նեթանյահուն «կանի այն ամենը», ինչը «Իրանի հարցում ցանկանում է ԱՄՆ նախագահը»՝ հավելելով, որ երկու երկրների առաջնորդները լավ հարաբերություններ ունեն։
Մայիսի սկզբին Իրանը ռազմական գործողությունների դադարեցման 14 կետից բաղկացած իր պլանը փոխանցել էր ԱՄՆ-ին։ Այն ներառում էր նաև չհարձակման մասին երաշխիքների, իրանական նավահանգիստների շրջափակման վերացման և ակտիվների ապասառեցման կետերը։ Թրամփն այդ պլանը «անընդունելի» էր համարել, քանի որ Իրանը «դեռևս բավականաչափ բարձր գին չի վճարել այն ամենի համար, ինչ նա վերջին 47 տարիների ընթացքում արել է մարդկության և աշխարհի հետ»։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել