ԱՄՆ-ն ավարտել է ՀԱԷԿ-ը ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական գնահատումը. առանձնացվել է 4 տեխնոլոգիա
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը։ Ինչպես նշվում է դեսպանատան տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, ԱՄՆ պետքարտուղարության FIRST (Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար) ծրագրի շրջանակում մայիսի 19-ից 22-ը Հայաստան կատարած այցի ընթացքում «Սարջենթ և Լունդի» (Sargent & Lundy) ընկերության փորձագետներն ավարտին են հասցրել Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների (SMR) տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը:
Ամերիկյան ընկերության փորձագետները Հայաստանում էին՝ ՀՀ պաշտոնյաների հետ աշխատելու և փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ շարունակական տեխնիկական խորհրդատվություն ապահովելու նպատակով։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ իրականացված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական դիտարկումները․
- Տեխնոլոգիաների ընտրություն. Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները։
- Միջազգային ստանդարտներ. Ցուցաբերված տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) լավագույն փորձի հետ։
- Անվտանգության առաջնահերթություն. Գործընթացի ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման ամենաբարձր ստանդարտները։
- Փոխարինող կարողություններ. Մանրամասն դիտարկվել են ՀԱԷԿ-ը գործող շահագործումից հանելուց հետո փոխարինող նոր կարողություններ ձևավորելու հնարավոր տարբերակները:
Այս քայլը կարևոր փուլ է հանդիսանում Հայաստանի էներգետիկ անվտանգության և միջուկային էներգետիկայի արդիականացման ռազմավարական ծրագրերում, որոնք իրականացվում են հայ-ամերիկյան գործընկերության շրջանակներում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել