Վարչապետը մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումների շրջանակներում Երևանում բացվել են ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և պոլիկլինիկան: Տիգրան Սարգսյանը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ շրջել է հաստատություններով և ծանոթացել կատարված աշխատանքներին:
ԱԻՆ նորակառույց հրշեջ մասը սպասարկելու է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները: ԱԻ նախարարությանը կից պոլիկլինիկայի նպատակը նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն է: Պոլիկլինիկայում կիրականացվեն նաև փրկարար ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն և ամենամյա բուժկանխարգելիչ հետազոտություն:
Աղետների ու ռազմական դրության ժամանակ ստացիոնար պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվի դաշտային հոսպիտալ՝ փրկարարներին ու տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Այնուհետև վարչապետը ծանոթացել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կառուցվածքին, առաքելությանը, տեխնիկական հնարավորություններին, որից հետո տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:
«Մեր ժողովուրդն ուշադրության կենտրոնում է պահում համակարգի աշխատանքները, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս մեր հիշողության մեջ թարմ են Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքներն ու տեղի ունեցած բազմաթիվ այլ արտակարգ իրավիճակներ: Հասկանալի է, որ մեր ժողովուրդն զգայուն է այս հարցում և խստապահանջ: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ համակարգի խնդիրները գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, և պետությունը ջանքեր է գործադրում համակարգն արդիականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում այս բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, իսկ համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական: «Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում են գտնվում կանխարգելիչ բնույթ կրող միջոցառումները, բնակչությանը նոր գիտելիքների հաղորդումն ու համակարգում ժամանակակից տեխնիկայի ներդրումը: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանն այս բնագավառում իր պատրաստվածությամբ մոտենում է միջազգային լավագույն չափանիշերին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Արտակարգ իրավիճակների օրվա առթիվ, մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով են պարգևատրվել համակարգի մի խումբ աշխատակիցներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել