Սերժ Սարգսյանը հայ երիտասարդներին խնդրում է չայրել Հունգարիայի դրոշը
Այսօր՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Հարց - Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով:
Պատասխան - Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին, ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին: Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին և խնդրել, որ նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որ մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել