HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիկտորիա Թեվանյան. ես երդվել եմ՝ ոտաբոբիկ եմ գնալու

«Տատս պատմում էր՝ ինչերի մեջով են անցել, ոնց են անցել, ճիշտն ասած մեզ հեքիաթ էր թվում էդ ինչ որ պատմում էր տատս, հեքիաթ էր թվում մեզ, ոնց որ հեքիաթի մեջ ըլնեինք,-հիշում է ներկայում Չարենցավանում բնակվող Վիկտորիա Թեւանյանը։

Նա ծնունդով Ադրբեջանական ԽՍՀ Բեգում Սարով գյուղից է։ Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է ու տեղափոխվել Եվլախ։ «Չորս երեխես ընդեղ ա ծնվել՝ Եվլախում։ Ութսունութ թվից սկսվել ա էդ թոհուբոհը, էդ կռիվը»։

Ընտանիքին սպառնացող վտանգը զգալով՝ տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Չայլու գյուղ։ «Եկանք Չայլու՝ մի երկու-երեք ամիս քրոջս տունը մնացինք, նրանից հետո տուն առանք՝ Չայլուում, տուն առանք ըտեղ մնացինք, մինչև մեկ էլ ընդեղից դուրս եկանք՝ Չայլուից դուրս եկանք ինսուներկու թվին, գնացինք Մատաղիս»։

«Սաղ գիշերը Թալիշից, Շահումյանից, Կարաչինարայից, ամբողջ գիշերը ժողովուրդը հոսում էին՝ էշի արաբով, չգիտեմ ինչերով, դուրս էին գալիս ժողովուրդը, փոշիի մեջ կորած, փոշին վերցրած»։ 

Մատաղիսում մնում են մեկ շաբաթ։ Պատերազմական գործողությունները սաստկանում են ու ստիպված են լինում այդտեղից էլ հեռանալ։ «Ու՞ր գնանք։ Ոտքով քայլում ենք, երեխեքը հոգնում են, էն անտառներով, ոտով քայլում ենք։ Քայլելով գնացել, վերջը էլի, էդ երեխեն ճանապարհին ծնվում ա՝ անտառի մեջ»։

Հետո Հաթերք։ Հաթերքից դարձյալ մեծ դժվարությամբ Ստեփանակերտ։ Ստեփանակերտից՝ Չարենցավան։ Բայց Չարենցավանը Վիկտորիայի ընտանիքի վերջին հանգրվանը չէր։ Պատերազմի ավարտից հետո տեղափոխվում են Բերձոր։

«Առաջին բնակիչներն ենք եղել։ Բերձորում էլ ենք շատ դժվարություն քաշել, նենց չի, որ հալած յուղի պես ա եղել։ Հետո ենք, ասենք, ամեն ինչը դասավորել, ասենք՝ ամեն ինչը տեղավորել, տուն-տեղ դրել»։ 

Քսանյոթ տարի ապրել են Բերձորում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կրկին բռնել են գաղթի ճամփան ու նորից հաաստատվել Չարենցավանում։   

-Հույս ունե՞ք, որ երբեւէ կարող ա հետ գնաք,-հարցնում եմ։ 

–Հույս ունեմ, վերցնելու են, մեկ ա՝ Ղարաբաղը մերն ա։ Մեկ ա՝ Արցախը մերն ա, գնալու ենք մենք Արցախ։ Ես երդվել եմ՝ ոտաբոբիկ եմ գնալու։ Շատ մեծ հույս ունեմ, որ հետ ենք գնալու։ Թեկուզ ես էլ չգնամ, իմ երեխեքը գնալու են իրանց հայրենիքը»,-ասում է Վիկտորիա Թեվանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter