Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Ռուսական զորքերը անօդաչուներով, բալիստիկ և թևավոր հրթիռներով ու, ենթադրաբար, «Օրեշնիկ»-ով լայնամասշտաբ հարված են հասցրել Ուկրաինային։
Վերջին տվյալներով, որոնք ներկայացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, միայն Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել ևս 56-ը, որից 30-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 2 երեխա։ Փոխարենը, Reuters-ը արդեն գրում է 4 զոհի մասին։
Ավերածություններ կան Կիևի գրեթե բոլոր շրջաններում, սակայն տեսանյութերից երևում է, որ հարվածները հիմնականում հասցվել են թևավոր հրթիռներով և անօդաչուներով։ Տելեգրամյան ալիքները գրում են, որ «Օրեշնիկ»-ով հարվածները, հավանաբար, հասցվել են Հոստոմելին (Կիևի մոտ) և Բելայա Ցերկովին (Կիևից մոտ 80 կիլոմետր դեպի հարավ)։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հաղորդակցությունների վարչության պետ Յուրի Իգնատը РБК-Украина պարբերականին հաստատել է, որ «Օրեշնիկ»-ով հարվածը եղել է Բելայա Ցերկովի շրջանին։ Ըստ նրա՝ հրթիռն արձակվել է Կապուստին Յար հրաձգարանից։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային՝ այդ թվում նաև Կիևին՝ կիրառելով «Օրեշնիկ» հրթիռային համակարգը, իսկ Կիևում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում էր տարածել, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում հնարավոր է լայնածավալ հարված լինի Ուկրաինայի տարածքին։ Դրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել էր Լուգանսկի մարզի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գտնվող Ստարոբելսկ քաղաքի մանկավարժական քոլեջի հանրակացարանի վրա «ահաբեկչական հարված» հասցնելու մեջ և հայտարարել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է պատրաստել պատասխան գործողություններ։
Մինչ այս դեպքը, Ռուսաստանը երկու անգամ էր կիրառել «Օրեշնիկ» հրթիռային համակարգը․ 2024 թվականի նոյեմբերին հարված էր հասցվել Դնեպրում գտնվող «Յուժմաշ» գործարանին, իսկ 2026 թվականի հունվարին՝ Լվովի մարզում գտնվող ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներից մեկին։ Առաջին դեպքում Պուտինը «Օրեշնիկ»-ի կիրառումը ներկայացրել էր որպես պատասխան` Ռուսաստանի տարածքին հարվածելու նպատակով Ուկրաինայի կողմից արևմտյան ATACMS և Storm Shadow հեռահար հրթիռների կիրառմանը։ Երկրորդ դեպքում հարվածը հասցվել էր այն մեղադրանքներից հետո, թե Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրը։
Լուսանկարը՝ Gleb Garanich/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել