HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է»

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ: Այսօր՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, լրագրողը նախագահին հարցրել է, թե ինչու է Հանրապետական կուսակցությունը սատարում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու փոխարեն: Ստորև ներկայացվում է Սերժ Սարգսյանի պատասխանը:

«Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որ մեկ անգամ ևս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին:

Ուզում եմ, որ բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որ կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք ևս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել:

Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա´ այս մասով:

Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ:

Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ և եթե որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթև ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, և հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու:

Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ո՞վ է ասել, որ խոսքը Սամվել Բալասանյանի օտար կամ ոչ օտար լինելու մասին է: 'Սեփական թեկնածու' նշանակում է սեփական կուսակցության գաղափարախոսության կրող: Եթե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի թեկնածու է նշանակում/սատարում,այդ դեպքում ի՞նչու ՀՀԿ-ն չի միավորվում/լուծարվում ԲՀԿ-ի մեջ: Ի՞նչ իմաստ ունի այս դեպքում առանձին կուսակցությունների առկայությունը. մեկը մյուսի ընդիմություն խաղալու համա՞ր: Թեև սա ինձ համար արդեն այդքան էլ տարօրինակ չէ. վերջիվերջո, ՀՀԿ-ն /ԲՀԿ-ն երկուսն էլ իսկական գաղափարախոսություն չունեցող ու մի անձի շուրթերից կախված «կուսակցություններ» են: (Քաղաքական) առ և տուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter