«Սանիթեքի» պարտությունը. ինչպե՞ս ձախողվեց 36 մլն դոլարի հայցն ընդդեմ Հայաստանի
Միջազգային արբիտրաժային դատարանը 2026թ.-ի մայիսի 22-ին մերժել է «Սանիթեք» ընկերության մոտ 36 միլիոն ԱՄՆ դոլարի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Գործի քննությամբ պարզվել է, որ Երևանի աղբահանության ձախողման հիմքում ոչ թե պետության «խտրական» գործողություններն են, այլ ընկերության տեխնիկական և ֆինանսական վատ վիճակը։ 2019թ․-ին Երևանի քաղաքապետարանի իրականացրած գույքագրումը, ուսումնասիրություններն ու իրավական հիմնավորումները թույլ են տվել պետությանը հաղթանակ տանել ներդրումային վեճում։
«Սանիթեք» ընկերությունն (Sanitek S.a.r.l.) ու նրա բոլոր բաժնետերերը, որոնք օտարերկրյա ներդրողներ էին, դեռևս 2021թ.-ի մարտին Միջազգային արբիտրաժային դատարան հայց էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ (Sanitek S.a.r.l., Sari Haddad and Elias Doumet v. Republic of Armenia): 2021 թ․-ի մարտին տարածած հայտարության մեջ «Սանիթեք»-ը նշել է, որ իր վնասները ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների հետևանքով, գերազանցել են 25 միլիոն ԱՄՆ դոլարը:
Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում:
«Սանիթեքի» շահերը պաշտպանել են Նյու Յորքում գործող «Քինգ ընդ Սփոլդինգ» (King & Spalding) և «Վիդակ Արբիթրեյշն» (Vidak Arbitration) ընկերությունները և Հայաստանից՝ «Ջի Փարթներս» (G Partners) ընկերությունը:
Այդ ժամանակ «Սանիթեքը» հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ վեճն առաջացել է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից Լիբանան-Հայաստան և Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերի շարունակական կոպիտ խախտումների պատճառով՝ կապված Երևանի աղբահանության ոլորտում «Սանիթեք»-ի ներդրումների հետ:
Ըստ ընկերության՝ վեճը բխում է Հայաստանի կառավարության խտրական և բռնագրավող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների ապօրինի գործողություններից: Երևանի քաղաքապետարանը չի կարողացել կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և, ի վերջո, մինչև կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը որոշել է հեռացնել «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ:
2019թ.-ի հոկտեմբերի 3-ին Երևանի այդ ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումները ահագնացել են 2018թ. կեսերին և շարունակվել մինչև 2019թ.ի սեպտեմբեր:
Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը և ընդհանրապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը: Այս հանգամանքները պարզելու համար, ըստ Հ. Մարությանի, 2019թ.-ի հուլիսից իր հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» խմբի ընկերությունների տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը: Ստացել են ամբողջական պատկերը՝ արձանագրելով պայմանագրային մի շարք պարտավորությունների խախտումներ:
«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը»,-հայտարարել էր Երևանի քաղաքապետը:
2019թ.-ի հուլիսին կատարված ուսումնասիրությունները բացահայտել են, որ Երևանի աղբամանների վիճակը չի համապատասխանում պայմանագրի պահանջներին, քանի որ սահմանված 16,000 մետաղական աղբամանների փոխարեն քաղաքում տեղադրված էր ընդամենը մի քանի հարյուր մետաղական կոնտեյներ, իսկ մնացածը պլաստմասսե էին ու հաճախ՝ ոչ պատշաճ վիճակում։ Չնայած քաղաքապետարանի հորդորներին ու պարզաբանումներ պահանջող նամակներին, ծանուցումներին՝ «Սանիթեքը» որևէ հիմնավորում չի ներկայացրել և չի վիճարկել այս տվյալները, ինչի պատճառով էլ ուսումնասիրության արդյունքները համարվել են վերջնական։
Նույն տարվա օգոստոսին քաղաքապետարանի մեկ այլ ստուգում էլ ցույց տվեց տեխնիկայի վատ վիճակը, երբ հայտարարված 29 աղբատար մեքենայի փոխարեն իրականում պիտանի էր ընդամենը 6-ը, իսկ փոշեկուլներն ու ձմեռային պահպանման ծառայությունների մատուցման սարքավորումներն ընդհանրապես չեն աշխատել։ Այս ամենին զուգահեռ, բնակիչների դժգոհությունը մեծացել էր։ Միայն 9 ամսվա ընթացքում գրանցվել էր ավելի քան 6000 բողոք։
«Հայաստանն ապօրինի կերպով բռնագրավեց հայցվորների ներդրումներն առանց օրինական հանրային շահի, պատշաճ ընթացակարգի, խտրական հիմունքներով և առանց արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցում վճարելու: «Սանիթեք» ընկերությունն ու իր ներդրողները նախատեսում են վերականգնել իրենց խախտված իրավունքները միջազգային արբիտրաժի միջոցով` Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում»,- նշված էր ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ՍՊԸ-ի միջև առաջին պայմանագիրը կնքվել է 2013թ.-ի սեպտեմբեր 17-ին՝ 10 տարի ժամկետով: Ընկերությունը ստանձնել է իրականացնել աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ Երևանի արևմտյան մասում։ 2015թ․-ի մարտի 27-ին նոր պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Սանիթեք Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև՝ նույն ծառայությունները Երևանի արևելյան մասում մատուցելու համար:
«Սանիթեք Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի և «Սանիթեք» ՍՊԸ-ի ղեկավարությունը 2019թ.-ի հունիսի 14-ին գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դժգոհելով Երևանի քաղաքապետարանի գործողություններից: Նույն նամակում մատնացույց են արվել մի քանի խնդիրներ, որոնք շարունակաբար լուրջ վնաս են հասցրել «Սանիթեքի» գործունեությանը: Մասնավորապես՝ ըստ ընկերության, խնդիրները կապված են պինդ թափոնների աղբահանության համար համապատասխան քաղաքականության բացակայության, Նուբարաշենի աղբավայրում ոչ բավարար ենթակառուցվածքների և այլնի հետ։
Իրավիճակն ավելի է բարդացել, երբ քաղաքապետարանը պարզել է, որ ընկերությունը չունի պայմանագրով և հայաստանյան օրենսդրությամբ նախատեսված պարտադիր ապահովագրություն։
Արբիտրաժային քննության ժամանակ քննարկվել են նաև հիմնարար խախտումները հենց մրցույթի փուլում: Նշվել է, որ «Սանիթեքն» ի սկզբանե չի ունեցել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, մասնագիտական փորձառություն և չի ներկայացրել պահանջվող ֆինանսական երաշխիքները, ինչը նշանակում է, որ ընկերության հայտը հենց սկզբից չպետք է հաղթող ճանաչվեր։ Նշված փաստերն էլ հիմք են հանդիսացել ոչ միայն պայմանագրերը լուծելու, այլև արբիտրաժային դատարանում հաղթանակ տանելու համար:
Նշենք, որ այս հաղթանակի իրավական հիմքերը ստեղծել է 2019-2020թթ. Երևանի քաղաքապետի խորհրդական, այժմ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանը:
Փաստաբան, «ՀԱՊ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր Հայկ Հովհաննիսյանը «Հետքին» ասաց, որ «Սանիթեքի» գործը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետության և օտարերկրյա ներդրողի միջև վիճելի հարաբերությունների սկզբից մինչև վերջ հանրային ծառայողների կողմից ձևավորած վարչական և փաստական նյութերի որակը տարիներ անց որոշիչ դեր է խաղում պետության արդյունավետ իրավական պաշտպանության գործում։
Հայկ Հովհաննիսյան
Նրա խոսքով՝ ներդրումային վեճերում պետություններին ներկայացնող մասնագետները հաճախ ընդգծում են այդ մասին, սակայն դա դեռևս բավարար չափով գիտակցված չէ պետական կառավարման և վարչարարության մակարդակում, առավել ևս՝ մերօրյա Հայաստանում։
«Այս դեպքում Երևանի նախկին քաղաքապետ Մարությանը, նրա խորհրդականն ու իրավաբանական վարչությունը, միայն այդ երկու լուծման ծանուցումների միջոցով, ըստ էության, կառուցել էին Հայաստանի բովանդակային պաշտպանության հիմքը դեռևս մինչև ICSID վարույթի հարուցումը։ Իսկ միջազգային ներդրումային արբիտրաժում հենց այդպիսի նախնական իրավական կարգապահությունն է հաճախ տարբերում հաղթող պաշտպանությունը պարտվողից»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել