«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է. ՔԿ
Քննչական կոմիտեի հաղորդմամաբ ՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ընթացող նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք 15,000-ական դրամ են ստացել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելու համար։
«Մասնավորապես՝ Ն.Թ.-ն տեղեկացված լինելով 2026 թվականի ապրիլի ընթացքում Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած հավաքի մասին, կազմակերպել է մեծաքանակ անձանց ներգրավելու գործընթաց՝ նրանց նյութապես շահագրգռելու եղանակով։
Նշված նպատակով Ն.Թ.-ն գումարի դիմաց հավաքին մասնակցող անձանց ներգրավելու գործընթացը իրագործելու անհրաժեշտության մասին հայտնել է իր ընկեր Գ.Ա.-ին՝ խոստանալով հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին վճարել 15.000-ական ՀՀ դրամ։ Գ.Ա.-ն էլ իր հերթին համաձայնելով ինչպես իր, այնպես էլ մի խումբ այլ անձանց ներկայությունն ապահովել նշված հավաքին, նյութապես շահագրգռվելով և այդ եղանակով ազդելով իր մտերիմներ՝ մի խումբ անձանց կամահայտնության վրա, նրանց տեղեկացրել է, որ հիշյալ հավաքին մասնակցելու համար յուրաքանչյուրին կվճարվի 15.000 ՀՀ դրամ։
Արդյունքում, Գ.Ա.-ն մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված հավաքին, իսկ հավաքի ավարտից հետո Ն.Թ.-ի կողմից հայտնած անձից ստացել է իր և իր կողմից ներգրավված անձանց մասնակցության համար խոստացված գումարը, այնուհետև՝ հիշյալ անձանցից յուրաքանչյուրին այդ գումարից վճարել է 15.000 ՀՀ դրամ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող որսորդական հրացան, կանեփանման զանգված:
Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և Ն.Թ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելը):
Գ.Ա.-ի և Ն.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է», նշված է հաղորդագրությունում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել