Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը
Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ուսումնասիրության լիցենզիան տրամադրվել է «Աուրում Միներալս» ՍՊԸ-ին` առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, առանց հանրային լսումների, առանց ավագանու համապատասխան որոշման: Այսինքն` հաշվի չեն առնվել ազդակիր համայնքների բնակիչների կարծիքը, նրանց դիրքորոշումը և ապագան:
Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանել է երկրաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված գործընթացը, որը շրջանցել հնարավոր չէ, եթե չես շրջանցում օրենքները:
Ինչ է ասում օրենսդրությունը
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգում է երկու կատեգորիայի` Ա և Բ՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի: Երկրաբանական ուսումնասիրությունները, առանց որևէ բացառության` լինի դա գնահատում, վերագնահատում կամ այլ գործողություններ, համարվում են Բ կատեգորիայի փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակ:
Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածով կարգավորում են երկրաբանական ուսումնասիրության ծրագրի հետ կապված հարցերը: Մասնավորապես, նույն հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ երկրաբանական ուսումնասիրության ծրագրին կցվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը:
Օրենքի նշված կետը վերաբերում է հենց փորձաքննությանը: Մասնավորապես 2-րդ հոդվածը սահմանում է փաստաթղթերի փաթեթի ցանկը, որը պետք է ներկայացվի փորձաքննության, այն է` ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվությունը, տեղական ինքնակառավարման մարմնի նախնական համաձայնության որոշումը, տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) իրականացրած հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները):
Այդ ծրագիրն ու վերևում նշված ողջ փաթեթը ներկայացվում է լիազոր մարմնին` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, և այն ամբողջությամբ լինելու դեպքում լիցենզիայի հայտը դիտարկվում է: Որևէ կետի բացակայության պարագայում հայտը մերժվում է, և տնտեսվարողի հետ չի կնքվում երկրաբանական ուսումնասիրությունների պայմանագիր։
Ինչպես են շրջանցել օրենսդրությունը
Մեր նախորդ հոդվածում պատմել էինք Ազատեկի հանքավայրի շուրջ զարգացումները: Հարցեր էինք ուղարկել նաև «Աուրում Միներալս» ՍՊԸ-ի բաժնետեր, ընկերության տնօրեն Տիգրան Ավետիսյանին:
Վերջինս պատմել է այն գործընթացների մասին, որոնցով կարողացել են ստանալ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիան: Մասնավորապես, 2024թ.-ի հոկտեմբերի 28-ին ընկերությունը հարցում է կատարել Շրջակա միջավայրի նախարարություն, մանրամասն նկարագրել է աշխատանքների հաջորդականությունը և մեթոդները, խնդրել է ներկայացնել լիազոր մարմնի պաշտոնական դիրքորոշումը, արդյոք նախատեսվող գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության, թե ոչ: 2024թ.-ի հոկտեմբերի 30-ին նախարարությունից ստացել են պատասխան, ըստ որի` աշխատանքները ենթակա չեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։ Դրանից հետո ընկերությունը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու համար։
Համաձայն ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին կետի՝ իրավաբանական անձը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ, հետևաբար ընկերությունը չէր կարող հայցել շահագործման իրավունք, քանի դեռ պաշարները չեն վերագնահատվել։
Տիգրան Ավետիսյանը տեղեկացրել է, որ վերագնահատման նպատակով կազմված ուսումնասիրության ծրագրում հստակ նշված է, որ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարները վերջին անգամ վերահաստատվել են ՀՀ ՊՊՀ-ի կողմից 16.12.1997թ. թիվ 36 արձանագրությամբ, իսկ 2008թ․-ի մայիսի 23-ի № 320 արձանագրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների պետական գործակալության կողմից «Վայք Գոլդ» ՍՊ ընկերության պաշարների վերագնահատման հաշվետվության վերաբերյալ թիվ 320 արձանագրությամբ որոշվել է` մինչև հանքավայրի տնտեսական և ռեսուրսային ներուժի բացահայտումը 1997թ․ հաստատված պաշարները թողնել անփոփոխ։
2020թ. դեկտեմբերին ներկայացրել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունաբերական վերագնահատում՝ մանրազնին կոնդիցիաների պարամետրերի (տնտեսական և ռեսուրսային ներուժ) տեխնիկատնտեսական հիմնավորմամբ» հաշվետվությունը՝ պետական ընդերքաբանական փորձաքննության ենթարկելու նպատակով: Կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ հաշվետվությունը հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021թ. դեկտեմբերի 3-ի թիվ 2368-Ա հրամանով։ 2368-Ա հրամանով հաստատվել է հանքավայրի միայն ստորգետնյա եղանակով շահագործման կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ հաշվետվությունը։
2021թ․-ին 2368-Ա հրամանի հաստատումից հետո ընկերությունը պետք է ներկայացներ պաշարների հաստատման հաշվետվություն, որը չի ներկայացրել։
«Աուրում Միներալս»-ը ստանձնել է պարտավորություն՝ վերագնահատման աշխատանքներ կատարելու համար՝ արդեն իսկ 2021թ․-ին 2368-Ա հրամանով հաստատված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունաբերական վերագնահատում՝ մանրազնին կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ»։
Տիգրան Ավետիսյանը նշել է, որ հանքավայրի պաշարների վերագնահատման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ անալիտիկ ու որակի վերահսկման և գնահատման, ստուգողական հորատման, նմուշարկման, հանքաքարից օգտակար բաղադրիչների կորզման լաբորատոր փորձարկումները կատարվել են մինչև 2021թ․ կոնդիցիոն պարամետրերի հաստատման աշխատանքները, և հետևաբար լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն չկա, քանի որ նախկինում նախատեսված բոլոր աշխատանքները իրականացվել են։
«Մեր ընկերության ներկայացրած Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների վերագնահատումը չի նախատեսում դաշտային աշխատանքներ՝ այլ միայն աշխատանոցային աշխատանքներ, որոնց արդյունքում հիմք են ընդունվելու 2021թ. հաստատված մանրազնին կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ հաշվետվությունում ամրագրված տվյալները։ Համաձայն երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրի տեխնիկական առաջադրանքի և ծրագրի 6-րդ կետի (ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱՆ)՝ բոլոր աշխատանքները բացառապես աշխատանոցային են (գրասենյակային)»,- այսպես է հիմնավորել Տիգրան Ավետիսյանը, որը նաեւ ընկերության 10%-ի բաժնետերն է:
Վերջինս չի թաքցրել, որ վերագնահատման աշխատանքներն ավարտելուց հետո նախատեսում են դիմել արդյունահանման թույլտվության համար: Պատրաստվում են ներդնել մոտ 150 մլն դոլար՝ Ազատեկի հանքավայրի շահագործման նպատակով։
Տիգրան Ավետիսյանը մանրամասնել է, որ իրենց ընկերությունները, սկսած 2019 թվականից, գործունեություն են ծավալում այս ոլորտում և իրականացրած նախագծերում արդեն իսկ ներդրել են 15 մլն դոլար, ստեղծել են բազմաթիվ աշխատատեղեր, համայնքներում իրականացվել են շուրջ 250 մլն դրամի ծրագրեր, չնայած այն հանգամանքին, որ իրենց նախագծերը բացառապես երկրաբանահետախուզական են և դեռևս եկամուտ չեն ապահովում։
Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացի գործընկերների՝ Հայաստանում իրականացվող գործունեությանը, Տիգրան Ավետիսյանը նշել է, որ իրենց տեղեկություններով, նրանք համագործակցում են միայն «Աուրում Միներալս» ընկերության հետ: Վերջինս չի պատասխանել մեր այն հարցին, թե որևէ երկրում այդ գործընկերները որևէ հանքավայրի շահագործման փորձառություն ունեն, թե ոչ: Եթե այո, ապա որ հանքավայրերն են շահագործում:
Ինչ են ասում ոլորտի մասնագետները
Էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատում է, որ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիան չէր կարող տրամադրվել առանց պարտադիր գործընթացների, այն է` հանրային լսումների, ավագանու որոշման և ՇՄԱԳ փորձաքննության:
Էկոլոգիական իրավունքի մեկ այլ մասնագետ` Արթուր Գրիգորյանը, ով նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարն է, նշում է, որ «առանց հանրային լսումների չի կարող տրամադրվել գործունեության թույլտվություն` ոչ արդյունահանման, ոչ էլ երկրաբանական ուսումնասիրությունների»: Դա հենց ՇՄԱԳ օրենքի պահանջն է:
Ինչ է ասում լիազոր մարմինը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեր հոդվածից հետո ևս անդրադարձել է Ազատեկի հանքավայրի ուսումնասիրության տրամադրմանը` մեր հրապարակումը որակելով ապատեղեկատվություն և մանիպուլյացիա:
Նախ ՏԿԵՆ-ը նշել է, որ պնդումը, թե ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում երկրաբանական ուսումնասիրություն առանց փորձաքննության, բացարձակ չէ և չի բխում օրենսդրության համակարգային մեկնաբանությունից. «Օրենսդրությունը տարբերակում է երկրաբանական ուսումնասիրության առանձին փուլեր և տեսակներ, որոնցից ոչ բոլորն են ենթակա նախնական բնապահպանական փորձաքննության։ Փորձաքննության պարտադիր պահանջը վերաբերում է միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերին»:
«Աուրում Միներալս» ընկերությունը դիմում է ներկայացրել ՏԿԵ նախարարություն՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքների իրականացման համար՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու խնդրանքով, որը, ըստ ՏԿԵՆ-ի, ամբողջովին համապատասխանել է ՏԿԵ նախարարի 2022 թվականի ապրիլի 13-ի «Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանին:
Այս հրամանը վերաբերում է միմիայն ծրագրին, սակայն չի կարգավորում փորձաքննական պահանջները կամ դրանց բացակայությունը վերագնահատման պարագայում:
Այնուհետև նախարարությունը հղում է կատարել ՏԿԵ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 2976-Ա հրամանին, որի համաձայն՝ «Աուրում Միներալս» ՍՊ ընկերությանը 3 (երեք) տարի ժամկետով տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/437 թույլտվություն: Այս հրամանը հրապարակված չէր ՏԿԵՆ կայքում: Մամուլի խոսնակի միջոցով այն կարողացանք ստանալ: Այս հրամանում նախարար Դ. Խուդաթյանը տրամադրել է համապատասխան նշված կոորդինատներով 219 հա տարածքում օգտակար հանածոների պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն:
Հրամանում ոչինչ ասված չէ աշխատանոցային պայմաններում այդ աշխատանքների մասին:
Այդուհանդերձ, ՏԿԵՆ-ը իր գործողությունները հիմնավորել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, համաձայն որի՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:
«Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը կարող է տրամադրել օգտակար հանածոների պաշարների վերագնահատման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք մինչև 3 տարի ժամկետով, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունը կարող է իրականացվել՝ կախված իրականացվող գործունեությունից և նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցություններից, կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի առկայության դեպքում»,- նշել է ՏԿԵՆ-ը։
Ավելին, ըստ ՏԿԵՆ-ի, ՇՄԱԳ փորձաքննության էությունը, բովանդակությունը և նպատակն է նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը, ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատումը:
Մինչդեռ «Աուրում Միներալս»-ը նախատեսվում է փաստաթղթերի հիման վրա կատարել վերագնահատման աշխատանքներ և երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գրությունը, համաձայն որի՝ օգտակար հանածոների պաշարների վերագնահատումը, որը իրականացվելու է միայն աշխատանոցային աշխատանքներով, ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության։
ՏԿԵ նախարարությունը Շրջակա միջավայրի նախարարություն հարցում է ուղարկել՝ խնդրելով հայտնել նախարարության դիրքորոշումը՝ արդյոք օգտակար հանածոյի պաշարների վերագնահատման աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, ի պատասխան ՇՄՆ-ն կրկին հաստատել է իր դիրքորոշումը:
ՏԿԵ նախարարության հրավիրած վարչական լսման ընթացքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները վերահաստատել են Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը՝ պնդելով Ընկերության կողմից իրականացվող գործունեությունը որևէ ազդեցություն չունի և չի էլ կարող ունենալ շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, ուստի տվյալ գործունեությունը չի կարող ենթակա լինել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
Ովքեր են օգտվել օրենքների սողանցքերից
ՏԿԵ նախարարությունը նաև հայտնել է, որ նախկինում պաշարների վերագնահատման նպատակով նման թույլտվություններ նույնպես տրամադրել է: Մամուլի խոսնակից փորձեցինք տեղեկանալ, թե որ ընկերություններին է նույն ընթացակարգով տրվել այդ թույլտվությունը:
Պարզվում է, որ երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, առանց ՇՄԱԳ փորձաքննության, ստացել է նաև «Սաութ Մայն» ՍՊԸ-ն` Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի «Թխկուտ» տեղամասի համար դեռևս 2022-ին: Սակայն նշենք, որ ընկերությունը նախաձեռնել էր հանրային լսումներ:
2021 թ. նման կերպ լիցենզիա է ստացել նաև «Մետալ գոլդ» ՍՊԸ-ն` Վայոց ձորի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրության համար: Այս ընկերությունը ևս հանրային լսում էր նախաձեռնել, քանի որ մտադիր էր փորձնական հանույթի աշխատանքներ իրականացնել:
«ԷՆ ԷՌ ԷՄ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ն էլ 2022-ին ստացել է Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ուսումնասիրության համար: Այս ընկերությունը, սակայն, ՇՄԱԳ հայտ էր ներկայացրել և հանրային քննարկում նախաձեռնել:
Գլխավոր նկարում՝ ձախից՝ Դավիթ Խուդաթյանը, Համբարձում Մաթևոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել