Հունգարիայի խորհրդարանը դադարեցրել է Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու գործընթացը
Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի՝ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու որոշումը չեղարկելու մասին նախաձեռնությանը։
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարի կողմից խորհրդարան ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել նրա «Տիսա» կուսակցության 133 պատգամավոր։ Նախկին վարչապետ Վիկտորի Օրբանի «Ֆիդես» կուսակցության 37 ներկայացուցիչ դեմ է եղել օրինագծի ընդունմանը։
Օրինագիծը ներկայացնելիս Մադյարը հայտարարել է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համար «ծայրահեղ անհրաժեշտ է միջազգային ամենածանր հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկել միջազգային դատական մարմնում»։
Միջազգային քրեական դատարանից դուրս գալու գործընթացը 2025 թվականի ապրիլին նախաձեռնել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նույն տարվա հունիսին Հունգարիան դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում էր ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, և գործընթացը պետք է ավարտվեր 2026 թվականի հունիսին։ Սակայն խորհրդարանական ընտրություններում «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո դրա առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ կկանգնեցնի Միջազգային քրեական դատարանից Հունգարիայի դուրս գալու գործընթացը։
Օրբանի իշխանության օրոք Հունգարիա էր այցելել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր էր տվել։ Սակայն Օրբանը խոստացել էր Նեթանյահուին, որ նա չի ձերբակալվի, իսկ ՄՔԴ-ի որոշումը բնութագրել որպես «լկտի, ցինիկ և լիովին անընդունելի»։
Նեթանյահուի հնարավոր ապագա այցերի վերաբերյալ լրագրողների հարցին Մադյարը պատասխանել է, որ ինքը Իսրայելի վարչապետին «հստակ փոխանցել է» այն փաստը, որ Հունգարիան կշարունակի մնալ՝ ՄՔԴ անդամ՝ «նրանից չթաքցնելով ոչինչ»։
Լուսանկարը՝ Lina Selg/Bloomberg
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել