ԵԱՏՄ երկրները Հայաստանին կոչ են անում հանրաքվե անցկացնել
ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, որն անդրադառնում է Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական միությանը միանալուն ուղղված քայլերը, այդ թվում՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումն ու Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից դրա ստորագրումը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության եվրոպական ձգտումների վերահաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրում,
նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու նախապատրաստական գործընթացից բխող էական ռիսկերը, ինչպես նաև այդ գործընթացի հետևանքով Միության անդամ պետություններին հնարավոր վնասը կանխելու անհրաժեշտությունը,
որոշեցինք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները, որոնք ներկայացնում են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստում կներկայացնեն զեկույց Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Միաժամանակ կիսում ենք այն դիրքորոշումը, ըստ որի անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Երևանը, քանի դեռ դա հնարավոր է, կշարունակի միաժամանակ համագործակցել ինչպես արևմտյան երկրների, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ։ Նրա խոսքով՝ հենց որ Երևանը զրկվի նման հնարավորությունից, Հայաստանի ժողովուրդը կկատարի իր ընտրությունը։
Հունիսի 7-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Այդ ֆոնին Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Ռուսաստանը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է արևմտամետ քաղաքականություն վարելու մեջ։ Ի պատասխան Երևանի՝ Եվրամիության հետ մերձենալու փորձերին՝ Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ կիրառել Հայաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել