HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արտաշ անունով «Հայ մուկն» ու Վիլյամ Սարոյանի մյուս կերպարները «Քու ով ըլլալդ չպիտի ուրանաս» ներկայացման մեջ

Կնոջ մատների արանքից սեղանին է սահում լուցկու հերթական չայրված հատիկը՝ մեկ, երկու, երեք...տուփը դատարկվում է, մատների նյարդային դողն ավելանում...ի վերջո, կրակե բոցով պարուրված միակ հատիկով հաջողվում է վառել մոմը: Դրսից լսվում է ժամանող գնացքի սուլոցը: Նա մոտենում է պատուհանին: Գնացքները գալիս են ու գնում: Սիրում է նայել, թե ինչպես են հեռու հարավում հայտնվում Լոս Անջելեսից ժամանած մարդատար գնացքները, և լսել նրանց ժամանման ճիչը, սուլոցը՝ ամայացնող և մարդկային վշտով լի, ինչպես սրտի անաստված վիշտը՝ մարմին ունենալուց և հոգին կորցնելուց հետո: Կինը փլվում է աթոռին: Նա համոզված է, որ եկել է ժամանակը որոշում կայացնելու՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Կա՛մ մնալ և է՛լ ավելի խրվել մռայլ անգործության ու հուսահատության մեջ, կա՛մ դուրս գալ դեպի լույսը. հեռանալ գնացքով, աշխարհագրորեն, ճիշտ ուղիղ դեպի լույսը, որն անշուշտ ամենահեշտ ձևն է, և որից նա, հույս ունի, թե պիտի խույս տա:

Խաղացվող տեսարանն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Գնացքներ» պատմվածքից է: Ստեղծագործությունը հարազատ արմատների, տան, մարդկային մենակության և ազատության որոնումների մասին է: Հերոսը նկարիչ է, որ հայրենի քաղաքը լքելուց 7 տարի անց վերադարձել է, սակայն իրեն օտար ու անտուն է զգում սեփական տանը: 8 պատմվածք, 7 դերակատար, խաղալու համար նախատեսված սենյակաչափ տարածք՝ առանց վարագույր, առանց կուլիսներ, անցուդարձ անող, մեկը մյուսին հերթագայող աղջիկներ ու տղաներ՝ ամբողջը սարոյանական շնչով պարուրված: Մեջտեղում դրված սեղանը գրեթե դատարկ չի մնում: Ցրտից սառած մատները շփելով՝ մի տղամարդ, դիմացը դրած թղթերի վրա հակված, ինչ-որ բան է մրմնջում: Սառած միտքն ու ֆիզիկական ցուրտը խանգարում են գրել: Նա ձեռքը մեկնում է գրադարակի գրքերին՝ բարձրաձայն մտորելով այրելու մասին, սակայն հաղթում է բանականությունը՝ չի կարելի այրել արդեն իսկ ստեղծածը մեկ այլ բան ստեղծելու համար: Հանդիսատեսն այլևս ուրիշ պատումի ականատեսն է (Վ.Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածք):

Որքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար, անհավանական քիչ, օրինակ մեկ ժպիտ՝ նարնջի դիմաց: Նրան ասված էր՝ երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած՝ կանգնիր փողոցի անկյունում, և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնիր նարինջները: Մեկ հատը՝ հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը՝ տասը սենթ, դյուժինը՝ երեսունհինգ սենթ...Նրան թվում էր, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ՝ անկյունում, մինչև աշխարհի վերջը նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջն ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է՝ այտերը ցավեցնելու չափ, ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա (Վ. Սարոյանի «Նարինջները» պատմվածք):

«Վիլյամ Սարոյանը շատ է գրել թափառող մարդկանց ճակատագրի մասին ու պարտադիր չէ, որ նրանք ազգությամբ հայ լինեն: Սարոյանի հերոսների պատմությունները մեծ մասամբ երջանիկ ավարտ չունեն, սակայն բոլորը շարունակում են հավատալ գեղեցիկին, բարուն, մարդասիրությանը,- ասում է ներկայացման սցենարիստ և բեմադրիչ Հասմիկ Սուվարյանը,- թվում է՝ կյանքը մի խաչմերուկ է, որտեղից մարդիկ անցնում-գնում են՝ պատմելով իրենց պատմությունը: Ու երբ լսում ես այդ պատմություններն, ակամայից քեզ մոտ առաջանում է սեփական պատմությունը պատմելու ցանկություն»:

Մի առիթով բրիտանացի գրող, քննադատ, դերասան Ստեֆըն Ֆրայնը, անդրադառնալով Վիլյամ Սարոյանին ու նրա ստեղծագործություններին, գրել է. «Նա դարի ամենաթերագնահատված գրողներից է։ Նրա տեղն իրավամբ Հեմինգուեյի, Ստեյնբեկի և Ֆոլկների կողքին է»: Հասմիկ Սուվարյանի համոզմամբ, ներկայիս հայ հասարակությունը ևս կարիք ունի ճանաչելու իր մեծանուն զավակին՝ հատկապես երիտասարդությունը: «Ես մի օր մտա լսարան ու ասացի, որ Սարոյան ենք բեմադրելու: Առաջարկեցի, որ ամեն մեկը սեփական ցանկությամբ կարդա և ընտրի 5 գործ: Նախապատրաստական շրջանը երկար էր ու բարդ՝ 7 հոգի պիտի փնտրեին, ու ամեն մեկը գտներ ի՛ր Սարոյանին, հասկանար, թե որ կետում է հատվում Սարոյանի հերոսների հետ: Ինձ համար կարևորն այն էր, որ դերակատարը նախ ինքն իրեն գտնի ներկայացվող նյութի մեջ»,- նկատում է զրուցակիցս:

Դերակատարներից Ռուզաննա Մաջունջյանը խոստովանում է, որ Սարոյանն իր սիրելի հեղինակներից է, իսկ «Նարինջներ» պատմվածքը, որ ներկայացրեց հանդիսատեսին՝ ամենասիրելին: «Հենց ասացին պիտի ամեն մեկդ Սարոյանից մի գործ ընտրեք, անմիջապես մտքիս եկավ «Նարինջները», ու երբ վերընթերցեցի, անմիջապես հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»: Հովհաննես Ենգոյանի ընտրությունը կանգ էր առել «Այդ օրը» պատմվածքի վրա: «Երկար ժամանակ չէի կարողանում գտնել «իմ Սարոյանին»,- խոստովանում է Հովհաննեսը,- ընկեր Սուվարյանի հետ մի քանի գործ քննարկել էինք, բայց ի վերջո կանգ առանք «Այդ օրը» պատմվածքի վրա: Երեկ, այսօր, վաղը...ժամանակը անցնում է, բայց այդ նշանակալից օրը կամ չի գալիս, կամ էլ մենք բաց ենք թողնում: Սարոյանի պատմվածքն այդ մասին է: Սարոյանը լուծումներ չի տալիս, հուշումներ՝ որքան ուզես: Նա ստիպում է քեզ անընդհատ խորհել, վերլուծել, մտածել»:

Լուիզա Հայրապետյանի ընտրած «Վելվետե շալվարի» հերոսը տղա է: Լուիզան ասում է, որ գործի բովանդակային մասն է կարևորել, որովհետև արծարծվող թեման հիմա էլ շատ արդիական է: «Իմ հերոսն անընդհատ փորձում է նմանվել մյուսներին, հարմարվել հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերին: Իր երազանքն իսպանական ոճի վելվետե շալվար ձեռք բերելն է, որ անչափ մոդայիկ է այդ ժամանակի համար, ու դրա վրա ծախսում է մեկ տարի՝ կոպեկ-կոպեկ հավաքելով անհրաժեշտ գումարը: Իսկ երբ վերջապես երազանքի շալվարը հագած գնում է դպրոց, պարզվում է, որ իսպանական վերածնունդը վերջացել է, ու հիմա լրիվ այլ ոճ է նորաձև»: Դերակատարներից Լիլիթ Քոչարյանին վերապահված էր ներկայացումը բացելու պատիվը՝ «Գնացքներ» պատմվածքով: Խոստովանում է, որ սկզբում շատ է հուզվել՝ հանդիսատեսն այնքան մոտ էր, որ կարելի է ասել, զգում էր նստածների շնչառությունը, իրեն ուղղված հայացքները: «Դժվար էր իհարկե անցնել այդքան մարդկանց միջով ու աշխատել կապը չկորցնել ինքդ քեզ հետ, կերպարիդ հետ, փորձել մոռանալ, որ առաջին շարքում նստած հանդիսատեսը 20-30 սմ է ընդամենը քեզանից հեռու: Սա էլ է փորձություն, երբ բացակայում է թատերական աշխարհում ընդունված 4-րդ պատ հասկացությունը»:

Ներկայացումը բեմի համար չէ, այն ստեղծվել է առավել փոքր, մտերմիկ միջավայրում ներկայացնելու նպատակով: «Քու ով ըլլալդ չպիտի ուրանաս» ներկայացումը, որն իր մեջ ընդգրկում է Վիլյամ Սարոյանի՝ «Գնացքներ», «Ցուրտ օրը», «Նարինջներ», «Ծիծաղ», «Այդ օրը», «Մրջյուններ» «Վելվետե շալվարը», «Հայ մուկը» պատմվածքները, պատրաստվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողներ Լիլիթ Քոչարյանի, Աղասի Մուրադյանի, Ռուզաննա Մաջունջյանի, Արկադի Թովմասյանի, Հովհաննես Ենգոյանի, Մելինե Հարոյանի և Լուիզա Հայրապետյանի ջանքերով:

Իրադարձությունների առանցքը սեղանն է, որի շուրջ, ի վերջո հավաքվում են բոլոր դերակատարները՝ ներկայացնելու Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը: Այն պատմություն է Արտաշ անունով մկան մասին, որին նետել էին Ռալֆ անունով օձի վանդակը, որպես կեր: Բայց նա չի հանձնվում, երբ հասկանում է, թե ինչու է բռնվել և այդտեղ բերվել: Եվ նրա մեջ բարձրանում է ատելությունն ու ցասումը. «Արտաշն այնպիսի ուժով նետվեց Ռալֆի վրա, որ օձն ապշահար եղավ, ու անակնկալից շունչը կտրվեց։ Իսկ հետո Արտաշը մի այնպիսի՜ ուժով ցատկեց, ցատկեց բարձր, շատ բարձր, ինչպես չէր կարող ոչ մի մուկ։ Օձի վրա նետվելուն պես Արտաշը շրջվեց Ռալֆի գլխի կողմը, պրկեց չորս ոտքերն ու թրխկոցով ոստնեց ուղիղ Ռալֆի գլխին։ Այո, դա նվաստացուցիչ էր։ Շրը՜խկ։ Ո՞վ էր այդ խենթ մուկը։ Թրը՜խկ։ Իսկ միգուցե նա ամենևին էլ մուկ չէ՞ր...Եվ այսպիսի տասնինը ուժգին հարվածներ ուտելուց հետո Ռալֆը որոշեց, որ բավական է, և որ լավ կլինի հնարավորին չափ շուտ մի ապահով տեղ գցի իրեն։ Այդպես էլ արեց: Անմիջապես նետվեց հետնախուցն ու շրխկոցով փակեց դուռը» (Վ. Սարոյան «Հայ մուկը» պատմվածք):

8 պատմվածքից բաղկացած ներկայացման վերնագիրը վերցված է Վիլյամ Սարոյանի՝ Հայաստան կատարած 4-րդ այցի ժամանակ տված հարցազրույցից (առաջին անգամ այցելել է 1935թ.-ին, երբ ընդամենը 27 տարեկան էր: Հաջորդ այցը եղել է 1960-ին, ապա՝ 1976թ. և 1978թ.-ին): Հասմիկ Սուվարյանը պատմում է, որ խումբը (ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի 3-կուրսի ուսանողները, հեղ.) ոչ միայն պատմվածքներն էր կարդում, այլև ուսումնասիրում էր Սարոյանի կյանքը, նրա հետ կապված ամեն մի նյութ, այդ թվում՝ հարցազրույցները, հեռուստատեսային արխիվը:
«Երեխաներից մեկը բերեց մի հարցազրույց, որտեղ Սարոյանը խոսում է հայրենիքի, հայրենիքում տեսածների, հայ մեծերի մասին: «Ես միշտ հայ գրող եմ եղել, մենակ թե իմ լեզուն անգլերեն է եղել»: Այս հանգամանքը Սարոյանը շեշտել է մշտապես ու ափսոսել, որ ճանաչել է շատ եվրոպացի գրողների, ովքեր կարևորություն չեն տվել իրենց հայ լինելուն,- ասում է Հասմիկ Սուվարյանը:- «Քու ով ըլլալդ չպիտի ուրանաս»՝ ասում է Սարոյանը հարցազրույցի ժամանակ ու հենց սա էլ վերցրինք որպես ներկայացման վերնագիր: Սարոյանը հայի տեսակը չկորցնելու բանալին է տալիս: Սարոյանի «Հայ մուկը», թեկուզ վերջին ճիգով, սեփական ուժերին հավատալու և պայքարելու օրինակ է տալիս»:

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը: Բայց դա հիվանդություն չէ: Դա ուժ է: Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ: Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող: Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել: Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել: Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»:

Վիլյամ Սարոյան, ամերիկահայ գրող

Լուսանկարները՝ Նարինե Ղալաչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter