Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված անձանցից մեկի նկատմամբ հետախուզում կհայտարարվի
Դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստում) և 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց հետ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
«Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, դիմակավորված հինգ անձինք «որսացել» են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային «live.1tv.am» կայքի ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տարածել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
2026 թվականի մայիսի 17-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
2026 թվականի հունիսի 1-ին միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ Մ.Մ.-ն 2024 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և, ըստ նախնական տվյալների, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ Մ.Մ.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել