«Հետք»-ը հայտարարում է փաստավավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը ֆիլմարտադրությամբ զբաղվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու փաստավավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթին, որը կներկայացնի «Հետք»-ի գործունեության պատմությունը, զարգացման ուղին, հետաքննական լրագրության ոլորտում ունեցած ներդրումը, արժեքները և ազդեցությունը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։
Մրցույթը հաղթող անհատը կամ կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ արտադրանքի ամբողջական մշակումը՝ սցենարի պատրաստումից մինչև վերջնական արտադրանքի հանձնում։
- 20-25 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ,
- Վերը նշված փաստավավերագրական ֆիլմի հիման վրա 7-10 րոպեանոց պրոմո ֆիլմ,
- Reel-ի ձևաչափով 1-3 րոպեանոց 6 տեսանյութ։
Տեխնիկական պահանջներ՝
- Նկարահանումը պետք է իրականացվի առնվազն 4K (3840×2160) որակով։
- Ծառայության մատուցումը ներառում է սցենարական աշխատանքների իրականացումը, տեսանկարահանումը, հարցազրույցների կազմակերպումը և նկարահանումը, ձայնագրությունը, ձայնային հետարտադրական աշխատանքներն ու մշակումը, ֆիլմի համար երաժշտական ձևավորման ապահովումը, մոնտաժը, գունային մշակումը, գրաֆիկական տարրերի և անիմացիաների ստեղծումը, արխիվային նյութերի մշակումը և ինտեգրումը, ինչպես նաև ենթագրերի պատրաստումը։
- Վերջնական արտադրանքը պետք է տրամադրվի 4K Master ֆայլերով, Full HD տարբերակով, հայերեն և անգլերեն ենթագրերով, սոցիալական մեդիայի համար համապատասխան ֆորմատներով։
Ներկայացվող պահանջներ
Մրցույթին կարող են մասնակցել այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք ունեն փաստավավերագրական և լրագրողական թեմաներով ֆիլմերի արտադրության փորձ։ Մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- մինչև 2 էջանոց կոնցեպտային առաջարկ, որը կներառի ֆիլմի հիմնական գաղափարի նկարագրությունը, պատմողական մոտեցումը, վիզուալ լուծումների նկարագրությունը, թեմատիկ հիմնական ուղղությունները, ֆիլմի կառուցվածքի նախնական պատկերացումը, հնարավոր հերոսների և պատմությունների շրջանակը, ինչպես նաև ստեղծագործական և տեխնիկական լուծումների համառոտ նկարագրությունը։
- պորտֆոլիոն, ներառյալ՝ վերջին երեք ֆիլմերի կամ տեսանյութերի հղումները,
- հիմնական թիմի անդամների ցանկը և նրանց դերերը,
- անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպությունների պարագայում նաև պետական ռեգիստրի վկայականի պատճենը,
- ծառայության մատուցման ֆինանսական մանրամասն առաջարկը։
Մրցութային հանձնաժողովը ստացված հայտերը գնահատելու է հետևյալ չափանիշներով՝
- Գաղափարի ինքնատիպություն և ստեղծագործական մոտեցում - 30%,
- Պատմողական և վիզուալ լուծումների նորարարություն - 20%,
- Փաստավավերագրական կամ լրագրողական թեմաներով աշխատանքի փորձ - 20%,
- Տեխնիկական կարողություններ և արտադրական որակի ապահովման կարողություն - 15%,
- Ֆինանսական առաջարկի հիմնավորվածություն - 15%։
Լրացուցիչ պայմաններ`
- Մրցույթի հաղթողի կողմից մշակված վերջնական սցենարը ենթակա է պատվիրատուի գրավոր հաստատմանը։
- Պատվիրատուն իրավունք ունի առաջարկել բովանդակային և խմբագրական փոփոխություններ՝ մինչև վերջնական տարբերակի հաստատումը։
- Արտադրված բոլոր նյութերի օգտագործման և հեղինակային իրավունքների պայմանները կսահմանվեն կնքվելիք պայմանագրով։
Հայտերի ներկայացման կարգը`
Հայտատուները պահանջվող բոլոր փաստաթղթերը մեկ փաթեթով պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին՝ նպատակ դաշտում գրելով «փաստավավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ»։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 13-ը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 094-44-24-52 հեռախոսահամարով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել