HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում խախտումներ է հայտնաբերել

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին:

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես՝ 2009թ. սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Նույն օրը Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի՝ 74.1 հա մակերեսով հողամասերի՝ 2009թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter