Բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք. ՔԿ
«Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն (Ալիկ Ալեքսանյան,- հեղ.), 2025թ. սեպտեմբերի 9-ից հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Ս.Կ.-ի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ շուրջ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:
Ա.Ա.-ն նույն ժամանակահատվածում հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին:
Արդյունքում, աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չեն հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ են այցելել մեկ կամ մի քանի անգամ՝ չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրենց գործառույթների բնույթը և նպատակը: Հետագայում, Ա.Ա.-ն նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից՝ առանց կանոնադրությամբ նախատեսված՝ ՀԿ-ի նպատակների իրագործման:
Այսպիսով, Ա.Ա.-ն հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 դրամ՝ ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 դրամ։
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ:
Ա.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Վերջինս քննիչի որոշմամբ՝ ՆԳՆ ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել