
Խաչիկյանի փաստաբանը մեղմ պատիժ է ակնկալում
Օգոստոսի 30-ին` Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի, ապա նրա եղբայր Կարեն Խարիկյանի տան վրա հարձակումից հետո, Կարեն Խաչիկյանը իր հորեղբոր տղայի` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել է Արսեն Չիթչյանի Ախթալա քաղաքի բնակարան, դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել է նրանց տան գույքը: Դեպքի հետ կապված սոցիալական ծառայության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը սեպտեմբերի 4-ին «Հետքին» ասաց. «Ինչ-որ տեղ չեմ արդարացնում նաև իմ եղբոր կողմից կատարված արարքը: Հասկանում եմ, որ նա հակառակ գործողությունը կատարել է բավականին հուզված վիճակում»: Անդրադառնալով Արսեն Չիթչյանի գործողություններին՝ Վազգեն Խաչիկյանն ասաց, որ դա ունի իր դրդապատճառները, սակայն քանի որ գործը քննության փուլում է, նա չցանկացավ անդրադառնալ դրանց. «Պարզապես ասեմ, որ սերոբիզմի ակնառու դրսևորումներից մեկը հենց Արսեն Չիթչյանն է, ով, չհասկանալով իր հասարակական ռեալ դիրքը, գերագնահատել է իրեն ինչպես համայնքում, այնպես էլ տարածաշրջանում»: Անդրադառնալով իր եղբոր՝ Կարեն Խաչիկյանի ձերբակալվելու փաստին՝ Վազգեն Խաչիկյանն ասաց, որ դրա համար ցավ է ապրում: Նա գտնում է, որ դատարանը կարող էր կիրառել այլ խափանման միջոց: Վազգեն Խաչիկյանից նաև տեղեկացանք, որ այս պահին Արսեն Չիթչյանը ձերբակալված չէ:
«Հետքի» հարցերին պատասխանեց նաև Կարեն Խաչիկյանի շահերի պաշտպան, փաստաբան Ժորա Վարոսյանը:
-Ե՞րբ եք ստանձնել Կարեն Խաչիկյանի շահերի պաշտպանության գործը:
-Կարեն Խաչիկյանին ձերբակալել են օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ի առավոտյան արդեն նրա եղբոր` Գարիկ Խաչիկյանի հետ կնքել ենք պայմանագիր և ստանձնել եմ Կարեն Խաչիկյանի պաշտպանությունը:
-Ի՞նչ կասեք նրա կալանավորման փաստի հետ կապված:
-Ես անձամբ մասնակցել եմ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդության քննարկմանը: Կարեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով: Վերջինս ներառում է գույքի դիտավորյալ ոչնչացում ` զգալի չափով: Հոդվածը դասվում է մասնավոր գանգատի գործերի շարքին, այսինքն՝ կողմերի հաշտության դեպքում անգամ կարճվում են նման գործերը: Արարքը իրենից ներկայացնում է ոչ մեծ ծանրության հանցագործություն և ՀՀ Քր.օրենսգրքով նախատեսված ամենամեղմ հանցանքների շարքին է դասվում: Նման պայմաններում ինձ համար շատ զարմանալի էր, որ դատարանը բավարարեց միջնորդությունը և ընտրեց խափանման միջոցներից ամենածանրագույնը` կալանքը: Կարեն Խաչիկյանը թիվ 31 ընտրատարածքի Ախթալայի համայնքի ավագանու թեկնածու է և նման գործելակերպով խախտվեց նաև նրա ընտրական իրավունքը:
-Դուք ուսումնասիրե՞լ եք, թե օգոստոսի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում ինչ է կատարվել Կարեն Խաչիկյանի բնակարանում:
-Այո: Սկզբից Արսեն Չիթչյան, Էդգար Հախվերդյան անուններով անձնավորությունները մտել են Կարեն Խաչիկյանի բնակարան, ջարդել են բնակարանի գույքը: Նրանց կատարած արարքը ավելի մեծ ծանրության է, քանի որ նրանք առանձնապես խոշոր չափերի վնաս են պատճառել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով: Այստեղ արդեն համայնքային գույքի ոչնչացման խնդիր էլ կա, քանի որ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ախթալա համայնքի սեփականությունն է հանդիսանում:
Ոչ թե իրավական գնահատականի առումով, այլ որպես հայ մարդ, ես գտնում եմ, որ ինչ-որ տեղ նաև օրինաչափ են Կարեն Խաչիկյանի գործողությունները: Պատկերացրեք, որ մարդը մտնում է իր տուն, տեսնում է իր տան ավերված վիճակը, տեղեկանում է, որ կինը ուշագնաց հարևանի տանն է գտնվում, ու նման տեսարանները տեսնելուց հետո ես բնական եմ համարում, որ արձագանքը այդպիսին է եղել: Նա փորձել է ադեկվատ պատասխան տալ, բայց բոլորս արդեն գիտենք, որ դա ադեկվատ չի եղել, քանի որ Կարեն Խաչիկյանը ոչ թե համատարած ջարդել-փշրել է գույքը, այլ ընդամենը ջարդել է պահարանի ապակիները:
-Կարեն Խաչիկյանը վնասվածքներ պատճառե՞լ է Արսեն Չիթչյանի հարազատներին:
-Քրեական գործով միայն հարազատներն են ցուցմունք տալիս, բժշկի եզրակացություն դեռևս չկա, բայց ես ինչքան գործին առնչվող մարդկանց հետ խոսել եմ, նույնիսկ թեթև մարմնական վնասվածքների հատկանիշներ չեն լինի: Փոքր կապտուկներ Չիթչյանի 4 հարազատները ստացել են, երբ ցանկացել են խոչընդոտել Կարեն Խաչիկյանի մուտքը բնակարան: Եթե Կարեն Խաչիկյանը ցանկանար դիտավորությամբ նրանց մարմնական վնասվածք հասցնել, միանգամայն որոշակի ծանրությամբ վնասվածքներ կստանային նրանք:
-Դուք որևէ միջնորդություն չե՞ք ներկայացրել՝ Ձեր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար:
-Ես նախ միջնորդություն եմ ներկայացրել դատարանին ներկայացված խափանման միջոց կալանքի մասին որոշումը մերժելու մասին: Միաժամանակ միջնորդել էի, որ եթե դատարանը կգտնի, որ բավարար հիմքեր կան խափանման միջոցը կալանք ընտրելու, այդ դեպքում թույլատրելի համարվեր գրավի կիրառումը և Կարեն Խաչիկյանը գրավով ազատ արձակվեր: Դատարանը իմ 2 միջնորդությունն էլ մերժել է:
-Ի՞նչ պատիժ կարող է սահմանել Կարեն Խաչիկյանի նկատմամբ ՀՀ Քր.օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասը:
-Տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսվում է և տուգանք, և կալանք երկամսյա ժամկետով, և ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամանակով: Քանի որ Կարեն Խաչիկյանը նախկինում չի արատավորվել, չի դատապարտվել, բնութագրվում է դրական, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, առավել ևս մեղմացնող հանգամանք է, որ ինքը այդ գործողությունները կատարել է տուժողների հակաօրինական, ավելի մեծ հանցագործություն կատարելու հետևանքով, այս պայմաններում, այո, Կարեն Խաչիկյանին սպառնում է առավելագույնը տուգանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել