HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դիմակավորված անձինք Մոլդովայի քաղաքացուն «Արմավիր» ՔԿՀ-ից տարել են օդանավակայան, որպեսզի արտահանձնեն. փաստաբանն ահազանգում է

Մոլդովայի քաղաքացուն դիմակավորված անձինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից մոտ երկու ժամ առաջ տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի նրան արտահանձնեն Մոլդովայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ այդ երկիր տեղափոխելու նպատակով: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Շահրամանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օտարերկրացին վարչական դատարանում հայց ունի, ստացել է ապաստան հայցողի կարգավիճակ, հետևաբար, նրա արտահանձնումն անօրինական է:

Փաստաբանն ահազանգել է իրավապահ մարմիններին, որպեսզի թույլ չտան մոլդովացու արտահանձնումը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Անուշ Շահրամանյանին փոխանցել են դատախազության դիրքորոշումն, ըստ որի՝ ապաստանի վարույթն ավարտված է, և անձին արտահանձնելու որևէ իրավական արգելք չկա:

Փաստաբանն ասում է, որ Դատախազությունը միտումնավոր կամ օրենքի ակնհայտ չիմացության հետևանքով է նման բան հայտարարել: Ըստ Ա. Շահրամանյանի՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապաստանի տրամադրման վերաբերյալ վերջնական բացասական որոշում կայացնելուց կամ ապաստանի գործընթացը կասեցնելուց հետո կրկին ներկայացված յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ հարուցվում է ապաստանի նոր վարույթ: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է առաջին անգամ ապաստան հայցողների համար նախատեսված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սահմանված երաշխիքից:

«Քանի որ վստահորդիս՝ ապաստանի երկրորդ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն այժմ վիճարկվում է առաջին ատյանի դատարանում, օրենքի 59-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուղղակի հղման ուժով նա շարունակում է օգտվել արտաքսման/արտահանձնման արգելքի իրավունքից»,- ասում է Անուշ Շահրամանյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ 2026թ. հունվարի 21-ին Մոլդովայի քաղաքացին դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Նա պահանջում է անվավեր ճանաչել ծառայության որոշումը՝ ապաստան տրամադրելու իր երկրորդ դիմումն առանց քննության թողնելու մասին:

Օտարերկրացին դեռևս 2024թ. հուլիսի 24-ին դիմել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և խնդրել իրեն ՀՀ-ում տրամադրել ապաստան: Քննարկման արդյունքում 2024թ. հոկտեմբերի 21-ին որոշում են կայացրել փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու մասին, ինչը դատական կարգով բողոքարկվել է: Սակայն վարչական դատարանն ու վերաքննիչ վարչական դատարանը մերժել են մոլդովացու դիմում-բողոքները:

Ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման առկայության դեպքում անձը կարող է ներկայացնել ապաստան տրամադրելու երկրորդ դիմում: Ապաստան հայցողն օգտվել է նշված իրավունքից և 2025թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրել ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը: Սակայն, Միգրացիոն ծառայությունը 2026թ. հունվարի 7-ին որոշել է ապաստանի երկրորդ դիմումը թողնել առանց քննության՝ հիմնավորելով, որ ներկայացված հանգամանքները չեն համարվում նոր հանգամանքներ կամ նոր ապացույցներ: Այս որոշման բողոքարկումն էլ այժմ քննվում է Վարչական դատարանում: 

Վարչական դատարանը գործով դատական նիստ է նշանակել 2026թ. նոյեմբերի 4-ին:

Փաստաբան Անուշ Շահրամանյանը հայցադիմումում նշել է, որ անգամ օրենքի կոպիտ խախտումներով կազմված որոշման մեջ առկա են ապաստանի և հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետ կապված նոր հանգամանքներ, որոնք չեն ներկայացվել առաջին հարցազրույցի ժամանակ, քանի որ այդ հանգամանքները նոր են բացահայտվել:  

Ըստ հայցադիմումի՝ Մոլդովայի դատական համակարգում առկա են լուրջ խնդիրներ կապված դատավորների անկախության հետ: Քաղաքական ազդեցությունը դատական համակարգի վրա մնում է նշանակալի, ինչպես նշվում է Human Rights Watch-ի 2023թ. զեկույցում: Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային առաքելության տվյալներով՝ դատավորների նշանակման գործընթացը հաճախ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և թափանցիկության պահանջներին: Կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր՝ ազդելով դատական որոշումների վրա: Արդար դատաքննության իրավունքի խախտումները տարածված են ամբողջ երկրում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ դատավարությունները հաճախ ձգձգվում են անհիմն պատճառներով՝ երբեմն տևելով տարիներ: Մեղադրյալների պաշտպանության իրավունքը հաճախ սահմանափակվում է՝ խոչընդոտելով փաստաբանների աշխատանքը: 

«Արձանագրվել են բանտարկյալների նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր: Freedom House-ի գնահատմամբ բանտային համակարգը չի համապատասխանում միջազգային նվազագույն չափանիշներին: Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները մնում են սահմանափակ, ինչպես նշվում է Transparency International-ի զեկույցներում: Դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացները շարունակում են մնալ ոչ թափանցիկ»,- նշված է Վարչական դատարան ներկայացված հայցադիմումում:

Կներկայացնենք նաև պատկան մարմինների պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter