Կխթանվի առաջնային արտադրության ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ
Կառավարությունն այսօրվա նիստում լրացում և փոփոխություն է կատարել Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ծրագրի նպատակն է խթանել արտադրողների կողմից ՀՀ-ի ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ մաքսատուրքի փոխհատուցման միջոցով։ «Ծրագիրը գործում է 2025 թվականի փետրվարի 1-ից, որով նախատեսվում էր ապահովել արտահանման ծավալների միջինում 15 տոկոս աճ: Այն ապահովվել է: Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2025 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում օժանդակություն ստացած հիմնական ապրանքային խմբերից, օրինակ՝ պահածոներ, հյութեր, սննդամթերքի այլ տեսակներ, աճը եղել է շուրջ 40 տոկոս: Հարկ է նշել, որ որոշմամբ որպես ապրանք դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է ոչ միայն արդյունաբերության, այլ նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառ ապացույցն է ՀՀ-ում ինտենսիվ բուսաբուծության զարգացումը՝ հիմնված ինտենսիվ այգիների հազարավոր հեկտարները և հարյուրավոր հեկտարներ տեխնոլոգիապես ամենաբարձր հագեցվածությամբ ջերմատները»,-ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Ըստ փոխնախարարի՝ արդյունքում ՀՀ-ում արտադրվում է բարձրորակ, հետագծելի և ստանդարտավորված արտադրանք, որը կարող է իր տեղն ունենալ համաշխարհային շուկայում: «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության ապրանքների արտահանումը, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման դեպքում դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ Կառավարությունը արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ»,- նշել է Արման Խոջոյանը և հավելել՝ անկախ մատակարարման ձևից՝ եթե ապրանքը արտահանվում է, և համապատասխան փաստաթղթավորումը ներկայացվում է, ապա այն ենթակա է փոխհատուցման։
Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ քննարկումներ են ունենում ԵՄ գործընկերների հետ իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցում որոշակի՝ դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելու շուրջ և հույս հատնել, որ առաջիկայում քննարկումները հաջողությամբ կպսակվեն։
լուսանկարում՝ Արման Խոջոյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել