HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի՝ Ռուսաստանի սահմանափակումներին դիմակայելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին աջակցելու նոր փաթեթ է պատրաստում՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների կիրառման պայմաններում։ 

Ֆոն դեր Լայենը Ռուսաստանի գործողությունները որակել է որպես «տնտեսական հարկադրանք» և հայտարարել, որ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է քաղաքական ճնշում գործադրելու համար։ «Հայաստանի նկատմամբ կիրառվող այս սահմանափակումները տնտեսական հարկադրանքի դրսևորում են և անընդունելի են։ Մոսկվան տնտեսական հարաբերությունները վերածում է քաղաքական ճնշման գործիքի»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը պաշտոնական կայքում։ Վարչապետի աշխատակազմը դեռ չի հաղորդել այս հեռախոսազրույցի մասին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի պատրաստվող աջակցության փաթեթը ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն։ Բացի այդ, նախատեսվում են միջոցառումներ հայկական որոշ ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսական և սննդամթերքի արտահանման դյուրացման համար։ Առանձին աջակցություն կտրամադրվի նաև այն ոլորտներին, որոնք տուժել են ռուսական սահմանափակումներից։

Ֆոն դեր Լայենը մասնավորապես անդրադարձել է հայկական ծաղիկների արտահանմանը՝ նշելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է դրանց ներմուծումը՝ վիճահարույց հիմնավորումներով։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ արդեն վաղը 10 հազար հայկական ծաղիկ տեղափոխող առաջին խմբաքանակը կհասնի Լատվիա, իսկ հետագայում նման մատակարարումները կշարունակվեն։

Ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է զարգացնել տնտեսական կապերը Հայաստանի հետ՝ իրագործելով Երևանի վերջին գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրա տվյալներով՝ 2024 թվականից գործող «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում ԵՄ աջակցությունից արդեն օգտվել է շուրջ 7000 հայկական ընկերություն, իսկ ծրագրի շնորհիվ ստեղծվել է ավելի քան 20 հազար աշխատատեղ։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստան-ԵՄ կապակցվածության (Connectivity Partnership) հավակնոտ օրակարգին։ Նա կարևորել է Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով երկաթուղային կապի վերագործարկումը։

«Հայաստանն ունի Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց դառնալու ներուժ։ Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի զարգացմանը, քանի որ տարածաշրջանային կապերը վերականգնվում են»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Լուսանկարը՝ արխիվային/primeminister.am 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter