Բագրատ Սրբազանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
«Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունի անունով անձը, որոշել է իմ կալանքը փոխել տնային կալանքի»,- այս մասին դատական նիստերի դահլիճում այսօր՝ հունիսի 4-ին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Դատավորի այս որոշումը Սրբազանը երեսպաշտություն որակեց. «Դեկտեմբերի 30-ին նույն գործը եղել է իր մոտ, ի՞նչ է փոխվել, որ էն ժամանակ որև է ձևով կալանքը չի փոխել, հիմա փոխել է»,- հարցրեց նա։
Այս գործով կա 18 մեղադրյալ։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Դատարանն այսօր սկսեց հետազոտել ներկայացված ապացույցները։
«Քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել էր կատարել դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական փորձաքննություն մեղադրյալ Մովսես Շարբաթյանի բնակության վայրից հայտնաբերված տարաների մասով։
Փորձագետները եզրակացրել են, որ տարաներում 245.95 գրամ անծուխ վառոդ է եղել։ Այն պիտանի է նպատակային օգտագործման համար և դասվում է նետողական պայթուցիկ նյութերի շարքին։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ խոսքը վերաբերում է որսորդական գործունեության ժամանակ օգտագործվող վառոդին և դատարանին միջնորդեց փորձագետներին հրավիրել հարցաքննության։
«Փորձագետի եզրակացությունը չի կարող օգտագործվել, եթե կա միջնորդություն, և անձը չի հարցաքննվել»,- նշեց պաշտպանը և պնդեց՝ նրանք պետք է հարցաքննվեն, որ փորձաքննությունները տալիս ավելի պատասխանատու լինեն։
Պաշտպաններն ասացին՝ Մովսես Շարբաթյանը «Որսորդմիության» անդամ է և որսորդական փամփուշտ լիցքավորելու համար կարող էր այդ վառոդը տանը պահել։
Մովսես Շարբաթյանն էլ հայտնեց՝ 15 տարուց ավելի է՝ Որսորդմիության անդամ է, և խուզարկության ընթացքից Քննչական կոմիտեի հրապարակած նկարներում երևում են զենքի թույլտվությունը և «Որսորդմիության» անդամության գրքույքը։
Պաշտպանների կարծիքով՝ վառոդն՝ իր գործարանային տուփի մեջ, փորձ է արվում ներկայացնել որպես նետողական զենք։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը շարունակեց ներկայացնել ապացույցները։ Ըստ այդմ, Արսեն Ղազարյանի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 3 պարկուճ և մեկ փամփուշտ։
Փորձագետի եզրակացության համաձայն՝ այն հանդիսացել է գործարանային արտադրության որսորդական փամփուշտ, պիտանի է կրակելու համար և հանդիսանում է ռազմամթերք։
Մեղադրյալ Արման Իսրայելյանի բնակության վայրում հայտնաբերվել է 3 փամփուշտ, մեկ այլ հասցեում՝ 2 տուփ, որոնցում առկա է 91 փամփուշտ։ Ըստ փորձագետի՝ դրանք պիտանի են կրակելու համար և համարվում են ռազմամթերք։
Արման Իսրայելյանի պաշտպանը հայտնեց, որ պետությունը տարիներ առաջ իր պաշտպանյալին պարգևատրել է զենքով, որը կրակում է 9մմ տրամաչափի փամփուշտ, և դա չի կարելի կապել ահաբեկչության հետ։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց՝ այս ամենը տպավորություն ստեղծելու համար է, ապացուցողական ոչ մի նշանակություն չունի։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել