HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկացու «Ծովային բառի» հետ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գրիգոր Նարեկացուն նվիրված միջոցառումների հատուկ շարքի մեկնարկով՝ «Նարեկացի» արվեստի միությունը կնշի իր Երևանի կենտրոնի հիմնադրման 8-րդ տարեդարձը:

Սեպտեմբերի 5-ից 9-ը հանդիսատեսին կընձեռնվի Նարեկացու «ծովաձայն բառի» հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն: Համերգների, դասախոսությունների, կինոդիտման և ցուցահանդեսի հագեցած ժամանակացույց, որ «Նարեկացի» արվեստի միությունը նախաձեռնել է հույսով, որ այս կերպ մեկ քայլ ավելի ենք մոտենալու մեր «անմատչելի հեռավոր ու անընդմիջելի մերձավոր» ու միևնույնն է, ինչպես Սևակն է նշում, «երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող» Նարեկյան լեռնապարին:

«Նարեկացու հետ» խորագրի ներքո տարեդարձյան միջոցառումների հատուկ այս շարքն իր շուրջ է համախմբել տեսողական ու կատարողական արվեստների առաջատար գործիչների և անվանի նարեկացիագետների: Այսպես, շարքի շրջանակում ելույթներով ու դասախոսություններով հանդես կգան Նարեկացու «Մատեան ողբերգության» երկի անգլերեն թարգմանության հեղինակ Թոմաս Սամուելյանը ու  պոեմի արաբերեն թարգմանության խմբագիր Հայր Անտոնը Ադամյանը (Կանադա), երաժշտագետ Մհեր Նավոյանը, ազգագրագետ ու բանագետ Արուսյակ Սահակյանը:

Կազմակերպված դասախոսությունների շարքը, որ նախատեսված է թե մասնագիտական, և թե հանրության լայն շրջանակների համար, Նարեկացու բանաստեղծական, փիլիսոփայական ու աստվածաբանական հանճարը կներկայացնի ամենատարբեր դիտանկյուններից` անդրադառնալով ոչ միայն նրա բուն ժառանգությանը, այլ նաև` Նարեկացի - երաժշտություն - բանահյուսություն բազմաչափ առանցքին հայ միջնադարյան ու ժամանակակից մշակութային համատեքստում:

Գիտական այս լիցքից զատ`  «Նարեկացու հետ» միջոցառումների շարքը հարուստ է նաև իր գեղարվեստականությամբ, քանզի այս օրերին Նարեկացու երաժշտական ավանդը` մասնավորապես նրա տաղերը, Նարեկացի արվեստի միության բեմահարթակից կհնչեն ամենատարբեր մեկնաբանություններով. վոկալ մշակումներ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ, փոխադրումներ հայկական վիոլայի համար` Գրիգոր Առաքելյանի մեկնաբանությամբ, գործիքային մշակումներ դուդուկի համար` «Նարեկացի» ժողնվագարանների համույթի մենակատար  Արսեն Պետրոսյանի կատարմամբ:

Դե, իսկ շարքի գեղարվեստական առանցքը «Նարեկյան պատկերակերտումներ» ցուցահանդեսի բացումն է, որտեղ Գրիգոր Նարեկացին ու նարեկյան թեմաները վերհառնում են տեսողական վերընծայումների տեսքով` գեղանկարից քանդակ ու կոլաժ ժանրային բազմազանությամբ: Ցուցահանդեսի պատվո մասնակիցն է մեծանուն Հակոբ Հակոբյանը, ում աշխատանքի կողքին կներկայացվեն նաև Տիգրան Ասատրյանի, Նարեկ Ավետիսյանի, ՀերիքնազԳալստյանի, Գոհար Թումասյանի, Արմեն Խաջոյանի,  Արամ Հունանյանի,  Մուշեղ Մխիթարյանի, Սևան Նագգաշյանի և Հովնան Սարգսյանի գեղարվեստական պատկերակերտումները:

Կինոսերներին նույնպես հաճելի անակնկալ է սպասվում, քանզի սեպտեմբերի 7-ին «Նարեկացի որոնելիս» կինոնկարի ցուցադրությանը կհաջորդի հանդիպում ֆիլմի ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հետ:

Կից ներկայացնում եմ շարքի միջոցառումների ժամանակացույցը: Սեպտեմբերի 5-ի հանդիսավոր բացման մուտքը հրավիրատոմսերով է, շարքի մնացած միջոցառումների մուտքն ազատ է:

Դավիթ Իսաջանյան
ՆԱՄ հասարակայնության հետ կապերի ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter