HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ-ում շուտով նոր կառավարություն կձեւավորվի

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:

Նիստը սկսվեց շնորհավորական խոսքով. սեպտեմբերի 5-ը ԼՂՀ գլխավոր ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանի ծննդյան օրն է, վարչապետ Ա. Հարությունյանը շնորհավորեց նրան և մաղթեց հաջողություններ:

Օրակարգային առաջին հարցով կառավարությունը հավանություն տվեց սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգին: Ըստ այդմ նախատեսվում է, մասնավորապես, որ սպանդանոցը կարող է լինել առանձին շինություն, շինությունների համալիրի տեսքով կամ` մսի և սառնարանային կոմբինատների, կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում: Սպանդանոցները պետք է ապահովված լինեն, ըստ կենդանու տեսակի, սպանդի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով:

Գործադիրը մի շարք փոփոխություններ է կատարել կառավարության` 2008 թվականին ընդունած «ԼՂՀ ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման զարգացման և թվային համակարգի ներդրման ծրագրի հաստատման մասին» թիվ 729 որոշման մեջ: Սույն ծրագիրը, փոփոխությունների համաձայն, պետք է իրականացվի 2012-2014 թվականներին` երեք փուլերով: Ամրագրվել է, որ հեռուստառադիոծրագրերի անվճար հեռարձակումը մշտական բնակության վայրերում երաշխավորում է պետությունը: Ծրագրի երրորդ փուլում (2013-2014թթ.) նախատեսվում է արբանյակային  հեռարձակմամբ ապահովել Արցախի «ԱՀ» հեռուստահաղորդումների ընդունումն արտերկրում:

Նիստում հավանություն է տրվել ԼՂՀ դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը սահմանող որոշման նախագծին: Սահմանվել է, մասնավորապես, որ դատարանները թարգմանիչներ ընտրում են «Գնումների մասին» ԼՂՀ օրենքով հաստատված կարգով, որից հետո դատական գործով որպես թարգմանիչ են նշանակվում դատարանի որոշմամբ:

Նիստում բանավեճի տեղիք է տվել  առանց բարձրագույն կրթության` ԼՂՀ փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողների` որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց ավելի բարձր պաշտոնի նշանակելու ներկայացված կարգը: Ըստ առաջարկվող կարգի` պաշտոնական առաջխաղացման հնարավորություն տրվում է նրանց, ովքեր ծառայողական պարտականությունները կատարելիս ցույց են տվել մասնագիտական խոր իմացություն, ունեն կազմակերպչական ունակություններ և 10 տարվա աշխատանքային փորձ, զբաղեցրած պաշտոնում աշխատել են ոչ պակաս, քան 5 տարի: Սակայն բերված փաստարկները բավարար չթվացին կառավարության որոշ անդամների, ուստի որոշման նախագիծը ուղարկվեց նոր փորձաքննության ու քննարկումների:

Առանձին որոշումներով կառավարությունը սահմանել է գազաբալոնային համակարգերի տեղադրման  և ավտոգազալիցքավորման ճնշկայանների (ԱԳԼՃԿ) կառուցման ու շահագործման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը: Գազաբալոնային համակարգերի տեղադրման և ԱԳԼՃԿ-ի կառուցման ու շահագործման լիցենզավորումն իրականացնում է ԼՂՀ փրկարար ծառայությունը: Լիցենզիա տալու համար կատարվում է ԱԳԼՃԿ-ի կառուցմամբ ու շահագործմամբ զբաղվող մասնագետների որակավորման  ստուգում` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նիստում կառավարության հավանությանն արժանացավ ԼՂՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2013-2016թթ. միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես, նախատեսվում են օրենսդրական մի շարք փոփոխություններ  և կազմակերպական բնույթի աշխատանքներ` արդիական համակարգերի ներդրմամբ:

Գործադիրը փոփոխություններ է կատարել Ասկերանի շրջանի Աղնախ, Այգեստան, Աստղաշեն, Շոշ, Հադրութի շրջանի Ազոխ գյուղական համայնքներին և Շուշիի քաղաքային համայնքին պատկանող առանձին հողատարածքների նպատակային նշանակության սխեմաներում: Նման կարգի մի այլ որոշմամբ` Քաշաթաղի  շրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 572.5 հեկտար արոտավայրը փոխադրվել է ընդերքօգտագործման նշանակության հողերի` 2012թ. կառուցապատման նպատակով տրամադրելու համար:

Կառավարությունը հավանություն տվեց օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման  ազգային կոմիտե ստեղծելու վերաբերյալ որոշման նախագծին: Նորաստեղծ կոմիտեին, որ կգլխավորի ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում գործադիրի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրույթունը, իսկ մեկամսյա ժամկետում` օդային փոխադրամիջոցներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:

Օրակարգային վերջին հարցով կառավարությունը հավանություն տվեց «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Լրացումները նպատակ ունեն հստակեցնելու հսկիչ գնումների ընթացակարգը և խրախուսելու տնտեսական մրցակցությունը: Օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Առաջիկա սեպտեմբերի 7-ին, ԼՂՀ նախագահի պաշտոնամուտով, Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` գործադիրը հրաժարական է ներկայացնելու, և քանի որ սա ներկա կառավարության վերջին նիստն էր, վարչապետ Ա. Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշել է.

«Կառավարության հարգարժան անդամներ,

Ձեզնից շատերի հետ մենք արդեն 5 տարի համատեղ կատարում ենք մեր հանրապետության գործադիր կառավարման պարտականությունները: Ոմանք ընթացքում են ներգրավվել կառավարության կազմում` փոխարինելով ուրիշների: Անցած 5  տարիները եղան  բավական բարդ ու պատասխանատու ժամանակաշրջան, որը մենք փորձեցինք հաղթահարել հաջողությամբ: Ծրագրվածից  ամեն ինչ չէ, որ հասցրեցինք կատարել: Այնուհանդերձ, շատ բան իրագործել ենք` ի շահ մեր պետության ամրապնդման, զարգացման և ժողովրդի ապահովության: Վերջնական գնահատականը թող տա հասարակությունը` իր անաչառ հայացքով:

Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ` համատեղ աշխատանքի համար: Ձեզ հետ աշխատելը հետաքրքիր ու արդյունավետ էր: Կարծում եմ` այսուհետ, մեզնից յուրաքանչյուրը որ ասպարեզում էլ հայտնվի, կպահպանի ընդհանուր շահերով գործելու ոգին, միմյանց կաջակցեն ազգային-հասարակական նշանակության հարցերում:

Առաջիկայում, ըստ մեր Հիմնական օրենքի, դուք ձեր պարտականությունները կշարունակեք որպես պաշտոնակատարներ, մինչև նոր կառավարության ձևավորումը: Ոմանք, հնարավոր է, չընդգրկվեն նոր կառավարությունում, ոմանք էլ, հավանաբար, կպաշտոնավարեն նաև հետայդու: Խնդրում եմ ձեզ` չթուլացնել պատասխանատվությունն ու աչալրջությունը, շարունակել աշխատանքը նույն շահագրգռությամբ: Ամեն օր էլ, անկախ կարգավիճակից, կարելի է կատարել մի լավ ու բարի գործ: Մեկ անգամ ևս շնորհակալություն ձեզ` մեր գործադրած միասնական ջանքերի համար»,-ասել է վարչապետը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter