ՀԱՊԿ-ը կդիտարկի, անդամավճարի պարտքի պատճառով, ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը. Լավրով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով: TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հունիսի 7-ին՝ Հայաստանում հենց ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Սամվելի Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, ասաց. «Մենք անդամավճար չենք վճարում, քանի որ ուղղակի չենք մասնակցում։<...> Թե ինչ անել այս իրավիճակում, մենք այսօր քննարկեցինք դա: Եվ արդեն ավելի քան 2 տարի է, ինչ Հայաստանը ՀԱՊԿ բյուջեի հանդեպ պարտք ունի։ Իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ: Ու մենք այսօր պայմանավորվել ենք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկումը»,- նշել է Լավրովը։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում՝ կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև միավորման մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին մինչև պարտքի ամբողջական մարումը։
Լավրովը նշել է, որ Հայաստանը նախկինի պես պաշտոնապես մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ: «Հայաստանն իսկապես հերթական անգամ չմասնակցեց ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած նա պաշտոնապես մնում է կազմակերպության լիիրավ անդամ, ու Հայաստանի պետական դրոշն այլ պետությունների դրոշների հետ միասին այստեղ առկա է»,- շարունակել է ռուսաստանցի պաշտոնյան։
Լավրովը նեղսրտել է, որ Հայաստանը համակարգային առումով ընդլայնում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը։ «ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելով, եթե ճիշտ եմ հիշում, ավելի քան երկու տարի ֆորմալ առումով մնալով անդամ, հայ գործընկերները չեն գալիս միջոցառումներին։ Միաժամանակ ակտիվորեն մեծացնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությունը, ընթանում են զորավարժություններ, ձեռք է բերվում ռազմական նշանակության արտադրանք, ընթանում է և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության հետ ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում։ Վերջինս ևս այժմ վերածվում է ռազմականացված կառույցի»,- հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև Հայաստանի հնարավոր ընտրության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է շուտափույթ ընտրություն կատարի, քանի որ հարցը արդեն սուր է դրված։
«Հայաստանում արդեն ընդունել են Եվրամիությանն անդամակցության օրենք, այդ իսկ պատճառով հարցը սուր է դրված»,- նշել է նա։ Վերջինս նաև հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության անդամների խոսքերն այն մասին, որ Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը «պետք է բավականին օպերատիվ որոշել»։
«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է իրագործել Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու մասին օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միավորումները, փոխադարձաբար բացառում են միմյանց»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լուսանկարը՝ Максим Богодвид/Sputnik գործակալություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել