HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լրագրող Արթուր Սահակյանը մեկնել է ԱՄՆ

Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին «Ադնակլասնիկ» սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր շարունակ ուշքի չգալով, մահացավ: Միայն դրանից հետո Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար եւ հիշյալ սրճարանի համասեփականատեր Արթուր Սահակյանը հայտարարեց, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ»:

Գրեթե միաժամանակ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` սեպտեմբերի 23-ին Երեւանի բնակչուհի, 1983 թ. ծնված Մարինե Մադատյանը (ըստ լրատվամիջոցների` վերջինս Լեւոն Սարգսյանի ընկերուհին է եւ հայտնի է որպես «ՀՀԿ-ի Մարիշ» – «Հետք») հաղորդում էր տվել, որ երեք օր առաջ իր ծանոթ Արթուր Սահակյանն իրեն ծեծի էր ենթարկել եւ փորձել բռնաբարել: Թե ինչո՞ւ ոստիկանությունը նույնպես մոտ մեկ շաբաթ լռեց եւ միայն Բաբայանի մահվանից հետո հայտարարեց այս մասին, կարելի է միայն ենթադրել:

Ըստ էության` «Ադնակլասնիկում» մահվան ելքով ավարտված միջադեպը ներկայացվում էր որպես լրագրող Սահակյանի բռնաբարության փորձի հետեւանք:

Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց Արմեն Սարգսյանին, Սամվել Ալիխանյանին եւ Սահակ Ազիզբեկյանին: Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, եւ 2009 թ. հունվարի 8-ին գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 5-ին:

Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին քրեական գործից անջատվել է «Ադնակլասնիկում» տեղի ունեցած խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասը, որով նախաքննությունը շարունակվում է:

Այդ չպարզված անձանց ինքնությունը պարզելու համար իրավապահները հարցաքննել են նաեւ ԱԺ պատգամավորներ Լեւոն Խաչատրյանին եւ Լեւոն Սարգսյանին (մականունը` «Ալրաղացի Լյով»): Ընդ որում` պատգամավոր Սարգսյանին սկզբում ոստիկանները չէին հարցաքննում, ինչը բացատրում էին նրանով, որ ոչ ոք, այդ թվում լրագրող Արթուր Սահակյանը, իր ցուցմունքում Լեւոն Սարգսյանի անունը չի հիշատակել:

Թե հետագայում ո՞ւմ ցուցմունքում էր հայտնվել Լեւոն Սարգսյանի անունը, ոստիկանությունը չբացահայտեց: Այնունամնայնիվ, քրեական գործին Լեւոն Սարգսյանի առնչությունը հարցաքննությամբ կարծես թե ավարտվեց: Իսկ նրա անունը հրապարակայնորոն հոլովող Արթուր Սահակյանը, ըստ «Իրավունք» թերթի, այլեւս Հայաստանում չէ:

Այդ լուրը հաստատել է նաեւ հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: «Արթուր Սահակյանն աշխատանքից ազատվել է եւ տուրիստական վիզայով մեկնել ԱՄՆ հանգստանալու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին ոստիկանության ՀԿԳ քննության վարչությունում որոշում էր կայացվել Արթուր Սահակյանի մասով քրեական գործի վարույթը կարճել` ապացույցների անբավարարության հիմքով:

Քանի որ «նախաքննության ընթացքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ Սահակյանի կողմից Մադատյանին ծեծի ենթարկելու կամ նրա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համգամանքները հաստատելու կամ հերքելու ուղղությամբ»,- պարզաբանեցին ոստիկանությունից` հստակեցնլով, որ նույն պատճառաբանությամբ հնարավոր չի եղել հերքել կամ հիմնավորել Մադատյանի կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքը:

Այս համատեքստում ամենեւին դժվար չէ ենթադրել, թե ինչ ճակատագրի կարժանանա քրեական գործից անջատված մյուս`խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter