Վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդել. Կառավարությունն առաջարկում է օրենսդրական լուծումներ
Կառավարությունն առաջարկում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի նիստում: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով ներկայումս վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են այդ իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները վերահանձնելու ճանապարհով: Միջազգային պրակտիկան այս առումով ավելի լավ կարգավորումներ է նախատեսում:
Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում անձը հստակ ժամանակահատվածում չի կարող վարել տրանսպորտային միջոց: Որպես կանոն` այդ ժամանակահատվածը մեկ տարի է, սակայն կան բացառիկ դեպքեր, երբ այն երկու տարի է: Կառավարության առաջարկով այդ ժամկետը լրանալուց հետո նախատեսվում է սահմանել 50 հազար դրամի չափով պետական տուրք, որի վճարման պայմաններում անձի վարորդական իրավունքը կվերականգնվի ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով: Վերականգնումից հետո անձին մեկ տարվա կտրվածքով տրվելու են սահմանափակ թվով միավորներ` 6 բալ: «Սա կարվի այն նպատակով, որպեսզի վստահ լինենք, որ այս սեղմ բալային համակարգի շրջանակում անձը վերանայել է իր վարքագիծը եւ պատշաճ ձեւով պատրաստ է վերադառնալ երթեւեկություն: Եթե 6 բալի շրջանակում անձը որեւէ խնդիր չի հարուցում (այսինքն՝ բալերը չեն սպառվում կամ նա կրկին չի զրկվում վարորդական իրավունքից), ապա դրան հաջորդող տարվա ընթացքում ստանում է ստանդարտ 13 բալ ընդհանուր միավորը, ինչպես մեր մյուս քաղաքացիները»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:
Կառավարությունն առաջարկում է նաեւ սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը` համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ` վերականգնումից հաշված մեկ տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով:
Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
ՀՀ ներքին գործերի նախարարն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել