HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչու՞ է դատավոր Գագիկ Խանդանյանը 3 տարի անց վերհիշել գործը եւ որոշում կայացրել

«Հետքի» խմբագրություն դիմած Խանում Մկրտչյանի բնորոշմամբ` իր սեփական տան գործը հայտնվել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի սարդոստայնում, ինչի հեղինակը դատավոր Գագիկ Խանդանյանն է: Վերջինիս գործողությունների որակումը, ըստ Մկրտչյանի պատմածների, լիովին տեղավորվում է Քրեական օրենսգրքի շրջանակներում:

Խանում Մկրտչյանը ծնվել եւ մեծացել է Ներքին Չարբախի 1-ին փողոցի 26 տանը, որը նրա հայրը կտակել է իրեն: Թեեւ կտակում հայրը նշել է, որ իր մահվանից հետո դստերն է հանձնում «26 տան իրեն հասանելիք մասն ամբողջությամբ` հողամասով հանդերձ», Խանումը պնդում է, թե խոսքը վերաբերում է ամբողջ տանը (մոտ 600 քմ մակերեսով) եւ տնամերձ հողամասին (1500 քմ):

Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ե. Սարգսյանը 2004 թ., ըստ կտակի, Խանում Մկրտչյանին տվել է ժառանգության իրավունքի վկայագիր, որում նշել է, թե տունը բաղկացած է մոտ 117 քմ մակերեսից, գտնվում է 26-28 հասցեում, իսկ տնամերձ հողամասի մակերեսը կազմում է մոտ 1482 քմ: Մկրտչյանի խսքերով` վկայագրում արտացոլված «հասցեի եւ քառակուսի մետրերի սխալն էական նշանակություն չունի, քանի որ կարեւորը կտակն է»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստրաբաժանումը հրաժարվել է գրանցել նոտարի տված վկայագիրը:

«Պատճառաբանում են, որ իբր ապօրինի տարածք եմ տնօրինում, այնինչ նման դեպքերում կադաստրը պարտավոր է տրամադրել մերժման գծագիրը, որպեսզի պարզ լինի, թե շինության որ հատվածն է զավթված: Բայց ինձ ոչ մի գծագիր չեն տալիս, ուղղակի օդում ասում են` ապօրինի է, ու վերջ»,- նշում է Խանումը:

2005 թ. հուլիսին նա դիմել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել կադաստրի Շենգավիթի ստորաբաժանման կողմից 1984 թ. տրված գույքաթերթը, մասնակի անվավեր ճանաչել Կենտրոնի նոտարական գրասենյակի տված ժառանգության իրավունքի վկայագիրը եւ հողամասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

«Լավ է, որ դատարանը հայցը հետ վերադարձրեց` թերի լինելու պատճառով, որովհետեւ փաստաբան Նուրիջան Կիրակոսյանն իմ անունից ուրիշ հայց էր ներկայացրել, իսկ ես նրան լիովին վստահում էի: Մենք պետք է ուղղակի դատարանից պահանջեինք, որպեսզի կադաստրին պարտադրեր կտակի հիմքով ճանաչել սեփականության իրավունքս»,- նշում է Խանում Մկրտչյանը եւ վստահեցնում, որ դրանից հետո ինքն այլեւս որեւէ հայց դատարան չի ներկայացրել:

Սակայն երկու ամիս անց դատավոր Գագիկ Խանդանյանը, «ուսումնասիրելով իր վարույթում գտնվող Խանում Մկրտչյանի հայցը (որը նախորդ հայցի ճիշտ կրկնօրինակն է, տարբեր են միայն գործի համարները. 5-257-ը դարձել է 2-5545 – Ա. Դ.), որոշել է նշանակել փորձաքննություն` պարզելու համար, թե կա՞, արդյոք, տարբերություն վիճելի հողատարածքի գույքաթերթի եւ փաստացի չափերի միջեւ»: Ուստի, մինչեւ փորձաքննության ավարտը դատավորը գործի վարույթը կասեցրել է:

Արդեն հաջորդ օրը` 2005 թ. սեպտեմբերի 9-ին, դատավոր Խանդանյանը կայացրել է մեկ այլ որոշում: Բավարարելով Խանում Մկրտչյանի լիազորված անձ Նուրիջան Կիրակոսյանի միջնորդությունը` նա արգելանքի տակ է դրել Ն. Չարբախի 1-ին փողոցի 26 հասցեում գտնվող հողամասը:

Դատարանի նշանակած փորձաքննությունն այդպես էլ ի կատար չի ածվել: Փոխարենը մոտ երեք տարի անց` 2008 թ. հունվարին, Խանդանյանը հանկարծ որոշել է, որ Խանում Մկրտչյանի գործն ընդդատյա է Վարչական դատարանի քննությանը:

«Շենգավիթի դատարանից ծանուցագիր ստացա, որ գործը հանձնվում է Վարչական դատարան: Մնացի ապշած. ի՞նչ գործ, ո՞նց կարող էր տարիներ առաջ վերադարձված հայցը նորից դառնալ քննության առարկա,- տարակուսում է Խ. Մկրտչյանը: – Ամիսներ շարունակ պարբերաբար գնում էի Վարչական դատարան, բայց իմ անունով գործ ո՛չ փոխանցվել էր, ո՛չ էլ փոխանցվեց»:

2008 թ. օգոստոսին Խանում Մկրտչյանը դատավոր Խանդանյանից ստանում է մեկ այլ ծանուցագիր, ըստ որի` նրա հարեւան Կարապետ Հովհաննիսյանը դատարանից խնդրում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Ն. Չարբախի 1-ին փողոցի 24 հասցեի հողամասն արգելանքից հանել: Ստացվում է, որ 2005 թ. «Խանումի միջնորդությամբ» Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը` արգելանքի տակ դնել թիվ 26 հասցեի հողամասը, վերաբերել էր հարեւանի` թիվ 24 հասցեի հողամասին:

Այս գործը դարձյալ ընդունվում է դատավոր Խանդանյանի վարույթ, բայց դատաքննությամբ չի անցնում. հայցվոր Կարապետ Հովհաննիսյանն օրեր անց մահանում է:

«Նույնիսկ չգիտեմ` ո՞րն է ավելի տարօրինակ: Այն, որ իբր միջնորդել եմ արգելանք դնել իմ սեփականությա՞ն, թե՞ հարեւանիս հողամասի վրա»,- զարմանում է Խանում Մկրտչյանը: Նա բացառում է նաեւ, որ իր անունից փաստաբան Նուրիջան Կիրակոսյանը կարող էր հայց ներկայացնել դատարան. «Նախ` փաստաբանն այդպիսի բան չէր կարող անել, որովհետեւ հայցվորի ներկայացուցիչն էր, ոչ թե հայցվորը: Երկրորդ` երբ դատարանն իբր իմ հայցն ընդունել է վարույթ, այդ ժամանակ արդեն լրացել էր Նուրիջանին տրված լիազորագրիս ժամկետը»:

Մկրտչյանի ասելով` այս ամենը պարզապես դատավոր Գագիկ Խանդանյանի ձեռքի գործն է: Վերջինս իր անունից հայց է մուտքագրել դատարան, անձամբ «լսել է» գործը, դրա շրջանակում փոխել է իր տան հասցեն` 26-ը դարձնելով 26-28, կայացրել է տարբեր որոշումներ, դրանցում ներքաշել է հարեւաններին` հետապնդելով մեկ նպատակ. «փորձել 26 հասցեի տունն ու տնամերձը դարձնել վիճելի, որպեսզի կարողանա այն մաս-մաս անել եւ ինչ-որ օգուտ քաղել»:

Խանումը պատմում է, որ մեկ այլ փաստաբանի միջոցով զուտ կադաստրի դեմ, սեփականության իր իրավունքը չգրանցելու համար, փորձել է հայց ներկայացնել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Բայց Գագիկ Խանդանյանը նշել է, թե գործը վարույթ կնդունի միայն 26-28 հասցեով. «Այսինքն` նա ուզում է իր ընդունած ապօրինի որոշումները զոռով փաթաթել վզիս»:

«Օգտվելով այս պատմությունից` որոշ մարդիկ ամբողջ սեփականությունս դարձրել են հանրային տարածք. բակում աղբ են լցնում, ծառերս փչացնում են, ցանկապատ են դնում եւ իմ հողի հաշվին մետրերով գալիս են առաջ: Ուր ասես` դիմել եմ, բայց ուշադրություն դարձնող չկա: Նույնիսկ թերթերն ասում են` դու գրի, բեր, մենք կտպենք»,- դժգոհում է Խանում Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter