Հունգարիայում անձը 2 անգամից ավել չի կարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը
Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի սահմանադրության մեջ վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակման մասին առաջարկությանը։ Ըստ այդմ, այդ երկրում անձը կկարողանա միայն երկու անգամ չորս տարի ժամկետով զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, երկուշաբթի կայացած քվեարկության ժամանակ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 134 պատգամավոր, դեմ՝ 50-ը, ձեռնպահ էլ մնացել է 6 պատգամավոր։
Նորմը կտարածվի բոլոր այն անձանց վրա, որոնք 1990 թվականից զբաղեցնում էին Հունգարիայի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Դա նշանակում է, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը չի կարողանա այլևս զբաղեցնել այն, քանի որ վարչապետի պաշտոնում նա ընտրվել է 5 անգամ։
Սահմանադրության մեջ վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակման առաջարկությունը եղել է գործող վարչապետ Պետեր Մադյարի խոստումներից մեկը, որն այդ պաշտոնն ստանձնել է ապրիլի 12-ին կայացած ընտրություններում հաղթանակից հետո։ Մադյարը նշում էր, որ դա կարող է կանխարգելել մեկ անձի ձեռքում իշխանության կենտրոնացումը։
Խորհրդարանում առաջարկությանը կողմ է քվեարկել հենց Մադյարի «Տիսա» կուսակցությունը, իսկ դեմ՝ Վիկտոր Օրբանի «Ֆիդես»-ը։
Լուսանկարում՝ Հունգարիայի գործող վարչապետ Պետեր Մադյարը/Leonhard Foeger/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել