HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատություններում կազմակերպվող սննդամթերքի անվտանգության կանոնները

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի Առողջապահության նախարարի 2025թ. մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Այս մասին հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Երեխաների անվտանգ և առողջ սնուցման ապահովման համար անհրաժեշտ է՝

- ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ,
- կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ,
- օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն ու համապատասխանությունը հավաստող փաստաթղթերով ուղեկցվող սննդամթերք,
- պահպանել սննդամթերքի ընդունման, պահպանման, պատրաստման և մատուցման համար սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները,
- ապահովել սննդամթերքի հետագծելիությունը և համապատասխան փաստաթղթերի վարումը,
- պահպանել սառնարանային և ջերմային ռեժիմները,
- ապահովել սննդաբլոկի, պահեստների, սարքավորումների և գույքի պատշաճ սանիտարական վիճակը,
- ապահովել աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։

«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի պատրաստման գործընթացներում պետք է ներդրված և կիրառելի լինեն Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, որոնք ներառում են սննդի պատրաստման գործընթացների անվտանգության գնահատումը, աղտոտման ռիսկերի կանխարգելումը, վերահսկելի փուլերի սահմանումը, մշտադիտարկումը, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի նկատմամբ հսկողությունը, արտադրական հսկողության արդյունքների գրանցումը, ինչպես նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը։

Առողջապահության նախարարի 2025թ. մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին համապատասխան՝ սննդի պատրաստման համար օգտագործվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման (թիվ 5 վկայական), նախադպրոցական ուսումնական հաստատություններ մատակարարվի բացառապես պաղեցված վիճակում՝ ապահովելով դրա տեղափոխման և պահպանման ընթացքում ջերմաստիճանային շղթայի խիստ պահպանումը։

Նշված պահանջը պարտադիր է նաև մատակարարների հետ կնքվող պայմանագրերում ամրագրելու համար՝ ներառելով մսի պաղեցված մատակարարումը, հետագծելիությունը, համապատասխանությունը և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ներկայացման պայմանները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին և պատասխանատու անձանց պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները և ապահովել գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter