HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մաստեր Կլաս»-ից մինչև ընտրակաշառք. Ռոբերտ Քոչարյանին ու Ղազինյանին ի՞նչի համար են մեղադրում

Այսօր՝ 2026թ. հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել է «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի երեք թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Ղազինյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Բացի Ռոբերտ Քոչարյանից, մյուս երկու թեկնածուների մասով դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: Դատարանն արդեն Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

2026թ. հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ԿԸՀ-ում պաշտպանում էր փաստաբան Արամ Օրբելյանը:

ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացվածը քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի: Փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում քննիչի կամ դատախազի կողմից հավաքված փաստաթղթերին:

Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ արարքը վերաբերում է 2004թ. կատարված գործարքի մասին գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռ. Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։

Ըստ փաստաբանի՝ հետագայում, երբ Ռ.Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում, որդին՝ Սեդրակ Քոչարյանը ընկերությունում բաժնեմաս է գնել՝ վճարելով բավականին մեծ գումար, ու հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ:

«Խոսքը վերաբերում է «Մաստեր Կլաս» թենիսի տարածքին, մենք մանրամասները կներկայացնենք, բայց հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել»,-ասում է Արամ Օրբելյանը:

Դավիթ Ղազինյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, որտեղ խոսվում է Դավիթ Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։

«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում է տվել, ինչ է արել, չկա այդպիսի գումար»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դավիթ Ղազինյանը:

ԿԸՀ-ի նիստից հետո Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է, իսկ մոտ մեկ ժամ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանորելու որոշում է կայացրել:

2026թ. հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք և դիմել էր Գլխավոր դատախազություն՝ ԿԸՀ-ից թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։

Իսկ Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում 62-րդ համարն է զբաղեցրել: Նա ՀՅԴ կուսակցության անդամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter