HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սրբազան պայքար»-ի գործով պաշտպանները պնդում են՝ ապացույցները կապ չունեն վարույթի հետ

«Սրբազան պայքար»-ի գործով այսօր՝ հունիսի 18-ին դատարանում հետազոտվեց Սարգիս Հարությունյանի տնից գտած զենքերի և փամփուշտների վերաբերյալ «ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը։ 

Ըստ այդմ,նրա տնից հայտնաբերված 2 ատրճանակները գործարանային արտադրության են, դրանցից մեկը պիտանի է կրակելու համար, մյուսը՝ ոչ։

6 հատ պահեստատուփերը գործարանային արտադրության են, պիտանի են նպատակային օգտագործման համար, ռազմամթերք չեն համարվում։ Իսկ 25 փամփուշտները պիտանի են նպատակային օգտագործման համար, ակոսափող զենքերի համար ռազմամթերք են համարվում։

Սակայն պաշտպաններին այլ հարց էր հուզում։ Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդեց, որ մեղադրյալ Սարգիս Հարությունյանը պարզաբանի, թե ինչ զենքի մասին է խոսքը։

-Դահլիճում Սարգիս Հարությունյան չունենք,- արձագանք չստանալով՝ ասաց Խուդոյանը։

Պաշտպանն ընգծեց՝ այս զենքերը հայտնաբերվել են Սարգիս Հարությունյանի բնակարանից, որին ինքը չի ճանաչում, և որն այս գործով երբևէ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Այս գործով կա 18 մեղադրյալ։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

«Անհասկանալի է՝ այս ապացույցի բովանդակությունն ինչ փաստական հանգամանք է հաստատելու։ Եթե զենքը պատկանում է այդ անձին, չի կարող էնպես ստացվել, որ էդ անձի զենքը պետք ա օգտագործվեր, ինքը տեղյակ չէր։ Ի՞նչ կապ ունի դա այս վարույթի հետ։ Ո՞ր մեղադրյալին է վերաբերում»,- հարցրեց Խուդոյանը և միջնորդեց ապացույցը համարել ոչ վերաբերելի և հանել ապացույցների ցանկից։

Հանրային մեղադրող Վազգեն Հարությունյանն ասաց՝ մեղադրանքի կողմը կարծում է՝ միջնորդությունն այս փուլում քննարկման ենթակա չէ, հետագայում դիրքորոշում կհայտնեն։

Դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ նշեց, որ եզրափակիչ ելույթներում յուրաքանչյուր կողմ դրա վերաբերելիության մասին դիրքորոշում կարող է հայտնել և միջնորդության քննությունը հետաձգեց։

Պաշտպանական կողմը պնդեց՝ հանրային մեղադրողները պետք է ասեն՝ ինչ կապ կա ներկայացված ապացույցի և այս վարույթի միջեւ, այլապես խախտվում է իրենց պաշտպանության իրավունքը։

Դատարանը հանրային մեղադրողներին առաջարկեց՝ եթե կարող են, թող պարզաբանեն։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ դատարանն արձանագրում է մտահոգությունները, բայց չունի լիազորություն այս փուլում պարզաբանում պահանջելու մեղադրանքի կողմից։

Հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել մեկ այլ փորձաքննության արդյունք, ըստ որի՝ հետազոտվել են 17 տարաներ, որոնցից մեկում ծխացող վառոդ է, մյուս 16-ում՝ անծուխ վառոդ։ Փորձագետների եզրակացությամբ՝ 16-ում առկա անծուխ վառոդը դասվում է նետողական, պայթուցիկ նյութերի շարքին։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին անդրադարձավ այս ապացույցի վերաբերելիությանը՝ նշելով, որ վառոդը հայտնաբերվել է Հայկ Մաթևոսյանի տնից, որն այս գործի հետ առնչություն չունի, մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Քննիչներն ու դատախազներն այս գործին ուռճացված տեսք տալու համար փորձ են արել վտանգավոր առարկաներ ներառել գործի մեջ։ Այս անձը ցուցմունք տալուց հրաժարվել է, բայց ներառված է դատակոչված անձանց ցանկում։ Դատարան կանչում են էն անձանց, ովքեր նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել»,- նշեց Խուդոյանը։

Պաշտպանի կարծիքով՝ նախագահող դատավորի պարտականությունն է ապացույցների պատշաճ հետազոտումը։

Դատարանը քննեց Բագրատ Սրբազանի և Կարո Օկումուշյանի խափանման միջոցների հարցը

Դատավոր Կարոն Ֆարխոյանը հայտնեց, որ Կարո Օկումուշյանի և Բագրատ Սրբազանի խափանման միջոցի ժամկետը լրանում է հունիսի 25-ին, ուստի պետք է քննարկեն նաև այդ հարցը։

Հանրային մեղադրողը միջնորդեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։

Դատարանը բավարարեց միջնորդությունը և Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով։

Հաջորդիվ քննարկվեց Կարո Օկումուշյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանը հայտնեց՝ նրա ընտանիքը բարդ ֆինանսական դրության մեջ է՝ պայմանավորված վարկային պարտավորություններով։

Դատարանը որոշեց Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո որպես խափանման միջոց համակցված կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 25-ին՝ ժամը 14։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter