Չդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ
2023 թվականից Հայաստանում փուլային տարբերակով ապրանքները դրոշմավորվում են ոչ թե ակցիզային դրոշմապիտակներով, այլ՝ թվային դրոշմավորմամբ։ Դրանք Դատա մատրիքս (Data Matrix) երկչափ մատրիցային ծածկագրեր են, որոնք փակցվում են յուրաքանչյուր ապրանքի վրա և առավել ճանաչելի են որպես QR կոդեր։
Սակայն, այսօր շուկայում ոչ միայն ալկոհոլային խմիչքի մեծ խմբաքանակ կարելի է գտնել հին՝ ակցիզային դրոշմապիտակներով, այլև՝ գարեջրի որոշ խմբաքանակներում թվային դրոշմապիտակներում առկա ծածկագրերը չեն աշխատում, ինչը կարող է կասկածի տեղիք տալ, որ դրանք ստվերային խմբաքանակ են։ Խոսքը «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի Կիլիկիա գարեջրի մասին է։
Թվային դրոշմավորման հիմնական նպատակներից է տեսնել յուրաքանչյուր ապրանքի հետագծելիությունը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև շրջանառությունից դուրս գալն ու վաճառքը։ Քանի որ յուրաքանչյուր հատ ապրանք ունենում է իր առանձին ծածկագիրը, և պետությունը տեսնում է դա, հետևաբար համակարգի նպատակն է նաև ստվերային շրջանառության կրճատումը, լրացուցիչ հարկերի գեներացումը և այլն։
Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողներին վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն, որն ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորն է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նշված ընկերության E-Mark հավելվածով սքանավորել կոդը և տեսնել այդ ապրանքի մասին տեղեկությունները։ Եթե այդ գործողությունը հաջողվում է, նշանակում է ապրանքը շրջանառվում է, այսպես կոչված, սպիտակ դաշտում, այն տեսնում է նաև ՊԵԿ-ը։
«Հետք»-ի ընթերցողը օրերս մի քանի փոքր խանութներում նկատել է, որ «Կիլիկիա» գարեջրի վրա փակցված թվային դրոշմապիտակների ծածկագրերը չեն սքանավորվում։
Սա ուշագրավ է ոչ միայն այն փաստով, որ ապրանքի ծածկագիրը չի գործում, այլև՝ որ այն արտադրող «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի և ՀՀ Կառավարության միջև դատական վեճ է ընթանում հենց այս համակարգի՝ թվային դրոշմավորման թեմայով։
Չընթերցվող QR կոդերը
Մեր ուսումնասիրության արդյունքում մի քանի խանութներում արձանագրել ենք, որ «Կիլիկիա» գարեջրի («Երևանի գարեջուր» ՓԲԸ) խմբաքանակների Data Matrix ծածկագրերը չեն աշխատում։
Ընդ որում՝ խոսքը ոչ թե առանձին շշերի, այլ, ամենայն հավանականությամբ, ամբողջական խմբաքանակների մասին է, քանի որ այս դիտարկումն արվել է մի քանի օր շարունակ։ Տնտեսվարողներին չվնասելու համար խանութների հասցեները չենք նշում։
Լուսանկարում պատկերված է գարեջրի վրա փակցված չաշխատող ծածկագիրը։ E-Mark հավելվածով սքանավորելիս նշվում է, որ ծածկագիրը համակարգում չի գտնվել, և ապրանքը դրոշմավորված չէ (տե՛ս ստորև նկարում)։
Այն օրերին, երբ արձանագրվում էին չընթերցվող (չաշխատող) ծածկագրերով խմբաքանակներ, նույն գարեջրի այլ խմբաքանակներ (օրինակ՝ խոշոր սուպերմարկետներում) հնարավոր է եղել հաջողությամբ սքանավորել։ Այսինքն՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի ոչ բոլոր խմբաքանակներն են թողարկվել չաշխատող ծածկագրերով։
Ստորև ներկայացված լուսանկարում պատկերված է օրինակ, թե ինչպես են պատշաճ դրոշմավորման պարագայում ապրանքի մասին տեղեկությունները հայտնվում E-Mark համակարգում։
Արդյոք ապրանքների դրոշմապիտակների չընթերցվող (չաշխատող) ծածկագրերը նշանակում են, որ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի արտադրանքի մի մասը գտնվում է ստվերային շրջանառության մեջ, և հետևաբար դուրս է հարկման դաշտից: Արդյոք Պետական եկամուտների կոմիտեն տեղյակ է շուկայում չընթերցվող ծածկագրերով ապրանքների առկայության մասին, և արդյոք, բացի գարեջրից, կան այլ ապրանքատեսակներ ևս, որոնք չունեն պատշաճ թվային դրոշմավորում:
Այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար հոդվածը հրապարակելուց առաջ դիմել ենք ՊԵԿ։ Հարցում ենք ուղարկել նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին։ Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես։
Մեր նշած օրինակում ստացվում է, որ թեև պիտակն առկա է, սակայն այն չունի վավեր ծածկագիր։ Մինչդեռ թվային դրոշմավորման համակարգն աշխատում է հետևյալ տրամաբանությամբ. տնտեսվարողն ազգային օպերատորից («Ի-Մարկ» ՍՊԸ) ձեռք է բերում ծածկագրերը, տպում և փակցնում դրանք ապրանքների վրա։ Յուրաքանչյուր ապրանքի համար ծածկագիրը եզակի է։
Եթե ապրանքի վրա պիտակը կա, բայց ծածկագիրը E-Mark հավելվածով չի ընթերցվում, դա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ վավեր ծածկագիր չէ: Հնարավոր է՝ ավելի վաղ ձեռք բերված ծածկագրերին կամայական թվանշաններ են ավելացվել, կամ հին ծածկագրերը տպագրվել են մեկից ավելի անգամ (կրկնօրինակվել են)։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, այս համակարգի ամբողջ իմաստն այն է, որ յուրաքանչյուր ապրանք ունենա բացառիկ և եզակի կոդ։
Նույն ծածկագիրը երկրորդ անգամ տպելով կամ դրան որևէ նշան ու թվանշան ավելացնելով՝ այն վերածվում է պարզապես անվավեր պատկերի, ինչի արդյունքում տվյալ ապրանքի շրջանառությունը դառնում է անտեսանելի թե՛ ազգային օպերատորի, թե՛ ՊԵԿ-ի համար։
Մեր արձանագրած «չաշխատող» ծածկագրերից օրինակներով հարցում ենք ուղարկել նաև «Ի-Մարկ» ՍՊԸ-ին՝ փորձելով հասկանալ՝ հնարավո՞ր է խնդիրը E-Mark հավելվածի հետ է կապված։
Ընկերությունից պատասխանել են, որ մեր ուղարկած ծածկագիրը չի տրամադրվել «Ի-Մարկ» թվային դրոշմավորման համակարգի կողմից և առկա չէ համակարգի տվյալների բազայում։
«Ուստի ներկայացված ապրանքը չի համարվում դրոշմավորված և չի համապատասխանում ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի թիվ 125-Ն որոշման հավելվածով սահմանված դրոշմավորման կանոններին»,- պատասխանել են «Ի-Մարկ»-ից։
Ընկերությունից պնդում են, որ ծածկագրի սքանավորման արդյունքում «ծածկագիրը համակարգում չի գտնվել, ապրանքը դրոշմավորված չէ» հաղորդագրությունը պայմանավորված չէ որևէ ծրագրային կամ տեխնիկական խափանմամբ։
Մինչ Պետական եկամուտների կոմիտեից և «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ից կփորձենք ստանալ պարզաբանումներ, տեսնենք, թե դատական ինչ վեճ է ընթանում «Երևանի գարեջրի» և ՀՀ կառավարության միջև։
«Երևանի գարեջուր»-ը Կառավարությունից պահանջում է թվային դրոշմավորման համակարգի վերաբերյալ որոշման երկու դրույթ անվավեր ճանաչել
2023-ի օգոստոսին Կառավարությունը ապրանքների թվային դրոշմավորման համակարգի վերաբերյալ որոշում է ընդունել՝ «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին»։
2025-ի հունիսին «Երևանի գարեջուրը» դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության: Խնդրել է անվավեր ճանաչել նշված որոշման որոշ դրույթներ՝ հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը և 14-րդ կետը։ Այդ երկու դրույթները պարտադրում են արտադրողներին ազգային օպերատորի հետ պայմանագիր կնքել և վճարել դրոշմավորման ծածկագրերի համար։ Ըստ ընկերության՝ դրանով խախտվում են իրենց իրավունքները։
Մինչև այդ՝ 2025-ի ապրիլին, «Երևանի գարեջուրը» դիմել է Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)՝ խնդրելով տրամադրել 1 միլիոն հատ դրոշմավորման ծածկագիր հանքային ջրերի համար, սակայն ՊԵԿ-ը դրանք չի տրամադրել և պատասխան նամակով հղում է արել հենց այդ վիճարկվող որոշմանը։ Նշենք, որ ընկերությունն արտադրում է ոչ միայն գարեջուր, այլև՝ հանքային ջուր, կոմպոտներ և այլն։
Վարչական դատարանի որոշմամբ, սակայն, դիմումը վերադարձվել է՝ պատճառաբանելով, որ «դիմումը կարող էր դատարան ներկայացվել վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում»։ Նշվում է, որ որոշումը ընդունվել է 2023-ին, բայց դիմումը ներկայացվել է 2025-ին։
Սակայն, Վարչական դատարանի այս որոշման դեմ «Երևանի գարեջուր» ՓԲ ընկերությունը բերել է վերաքննիչ բողոք: Ընկերությունը պնդում է, որ ժամկետը չի խախտել, քանի որ դատարան է դիմել ոչ թե պարզապես որոշման ընդունման դեմ, այլ այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը, կիրառելով այդ որոշումը, «անգործություն է դրսևորել» և իրենց ծածկագրեր չի տվել։ Դիմումի պատասխանը ստացել է 2025-ի մայիսին, և դրանից հետո 4 ամիսը չի անցել։
Վերաքննիչ դատարանը մերժել է «Երևանի գարեջուր» ընկերության բողոքը և Վարչական դատարանի որոշումը թողել անփոփոխ։
Քանի որ ստորադաս դատարանները (Վարչական և Վերաքննիչ) ավելի վաղ մերժել էին ընկերության հայցը սկսելու գործընթացը, գործը հասել է Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն։ Վճռաբեկ դատարանը պաշտպանել է «Երևանի գարեջուր» ընկերության դիրքորոշումը և արձանագրել, որ Վարչական և Վերաքննիչ դատարանները սխալ են հաշվարկել ժամկետները։ 2026 թվականի մարտի 20-ին Վճռաբեկ դատարանը Վարչական և Վերաքննիչ դատարաններին պարտավորեցրել է վերացնել այս գործի վերաբերյալ որոշումները և կայացնել նոր դատական ակտ։
Դրանից մոտ մեկ ամիս անց Վարչական դատարանը վարույթ է ընդունել ընկերության դիմումը՝ Կառավարության որոշման հավելվածի 14-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով։ Նշված կետը սահմանում է՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրողները ազգային օպերատորի հետ կնքում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագիր։
Գործը պետք է քննվի գրավոր ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դատական քննությունն իրականացվելու է առանց դատական նիստերի, գործում առկա գրավոր նյութերի հիման վրա։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ Նույն թվականից ի վեր ընկերության 50%-ը պատկանում է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին, մյուս 50%-ը՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին։
Ի դեպ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի մասով իրավական այլ գործընթացներ ևս կան։ 2025 թվականի սեպտեմբերին գործարանում իրականացվում էին քննչական գործողություններ։ Քննչական կոմիտեն պարզաբանեց, որ 2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով և իրականացվող քննչական գործողությունները այդ շրջանակներում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել