HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մետրոպոլիտենում և տրոլեյբուսային հավաքակայանում

Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին  և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:

Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր շարժակազմով ուղևորվել է «Սասունցի Դավիթ» կայարան: Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով երեք նոր շարժակազմերին մինչև տարեվերջ կգումարվի ևս երկուսը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է տնտեսած գումարների հաշվին շարունակել շարժակազմերի նորացման աշխատանքները: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է որոշակի քայլեր ձեռնարկել մետրոպոլիտենի շրջակա տարածքում բարեկարգման աշխատանքներ նախաձեռնելու ուղղությամբ:  

Հավանություն տալով «Զորավար Անդրանիկ» կայարանի տարածքում առևտրի կազմակերպման համար սահմանված վայրերում վարձակալի կողմից վերջերս ամբողջությամբ արդիականացված կրպակաշարերի արտաքին տեսքին, քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև մետրոպոլիտենի մյուս կայարաններում առկա առևտրային կետերը ևս միանման տեսքի բերելու ուղղությամբ:

«Հանրապետության հրապարակ» կայարանում Տարոն Մարգարյանը նախ այցելել է  ստորգետնյա պոմպակայան և ծանոթացել է մետրոպոլիտենի ստորգետնյա գրունտային ջրերի հեռացման պոմպակայանների արդիականացման ընթացիկ աշխատանքներին: Հատկանշական է, որ մետրոպոլիտենի գործարկման օրից ի վեր պոմպակայանները երբևէ չեն արդիականացվել, ինչն իր հերթին մեծապես խոչընդոտել է մետրոպոլիտենի սարքավորումների բնականոն աշխատանքին: Համալիր ծրագրի իրականացման արդյունքում ամբողջովին կլուծվի մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարանների պոմպակայանների արդիականացման աշխատանքներն ավարտել հնարավորին կարճ ժամկետում: «Պոմպակայանների արդիականացման ծրագիրը ներառված է մեր այս տարվա ծրագրերում և արդեն հաջորդ տարի մենք ամբողջությամբ կավարտենք  այն ու այս խնդիրը ևս կլուծվի»,- նշել է Տարոն Մարգարյանը:   

Քաղաքապետը «Երիտասարդական» կայարան է ուղևորվել էլեկտրոնային վահանակով կառավարվող նոր շարժակազմի մեքենավարական խցիկում: Մեքենավարը նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն հեշտացել է շարժակազմերի շահագործումը:

«Երիտասարդական» կայարանի մեքենայական սրահում քաղաքապետը հետևել է նաև շարժասանդուղքներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Շրջայցի շրջանակում ծանոթանալով մետրոյի կայարանների ստորգետնյա անցման և հարակից տարածքների պայմաններին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարաններում ավելացնել նստարանների քանակն ու բարեկարգել կայարանների մուտքերի աստիճանավանդակները:

Տարոն Մարգարյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու մետրոյի սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված առաջարկությունները:

Տարոն Մարգարյանը այցելել է նաև մետրոպոլիտենի կենտրոնական կարգավարական կառավարման և տեսահսկման իրավիճակային կենտրոններ, զրուցել աշխատակիցների հետ: Զեկուցվել է, որ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվել են շուրջ 200 տեսախցիկներ, որոնց  աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Քաղաքապետը հանձնարարել է մետրոպոլիտենի աշխատանքի լիարժեք տեսահսկումն ապահովելու նպատակով կարճ ժամանակում մնացած անհրաժեշտ տարածքները ևս կահավորել տեսախցիկներով:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մետրոպոլիտենի աշխատակազմի հետ: Շնորհակալություն հայտնելով սրտացավ ու նվիրված աշխատանքի համար, քաղաքապետը վստահեցրել է, որ մետրոպոլիտենը` իր ռազմավարական նշանակությամբ, մշտապես լինելու է թե հանրապետության ղեկավարության, և թե քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Խոսելով մետրոպոլիտենի առաջիկա անելիքների և զարգացման ծրագրերի մասին, Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ մետրոպոլիտենի ընդլայնման նպատակը մշտապես լինելու է օրակարգում և առաջին իսկ հնարավորության դեպքում կյանքի կկոչվեն բոլոր այն զարգացման հեռանկարները, որոնք մետրոպոլիտենի աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:

«Վերջին տարիներին մեծ ծրագրեր են իրականացվել մետրոպոլիտենում, որոնք այսօր էլ շարունակվում են: Մեր առաջնային խնդիրը մեր համաքաղաքացիների անվտանգ ու հարմարավետ երթևեկության ապահովումն է, ինչը քայլ առ քայլ իրականացնում ենք: Պետք է փորձենք նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ավելի հիմնարար խնդիրներ կարգավորել մետրոպոլիտենում, այդ թվում նաև շարժակազմերի արդիականացման ու թարմացման ուղղությամբ»,- շեշտել է քաղաքապետը:  

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը: Քաղաքապետն ընդգծել է, որ  առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու և հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ: «Էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցն անհրաժեշտ է Երևանին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր հետագա ծրագրերով ապահովենք էլեկտրատրանսպորտի զարգացումը, մասնավորապես շարժակազմերի արդիականացման, ցանցի ընդլայնման և մալուխային ցանցերի թարմացման մասով»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև հստակ և որոշակի քայլեր ձեռնարկել առկա շարժակազմերի պահպանման և արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter