«Կողմերը գրանցել են հուսադրող առաջընթաց». Շվեյցարիայում կայացել է իրան-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը
Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը կայացել էր հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկե հյուրանոցային համալիրում, անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»։ Այդ մասին նշվում է Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ, որոնք այս բանակցություններին մասնակցում են որպես միջնորդ։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի հանձնաժողով, որը կզբաղվի բանակցությունների գործընթացի վերահսկողությամբ։ Բանակցային խմբերի ղեկավարները պարբերաբար հաշվետու կլինեն հանձնաժողովին։ Թե ովքեր են ներառված դրա կազմում, հայտնի չէ։
Հանձնաժողովն արդեն իսկ համաձայնեցրել է «մինչև 60 օրվա ընթացքում վերջնական գործարքի հասնելու ճանապարհային քարտեզը՝ հիմք դնելով հետագա տեխնիկական բանակցությունների անհապաղ մեկնարկի համար»:
Իրանն ու ԱՄՆ-ն նաև «կապի գիծ» են ստեղծել Հորմուզի նեղուցում «միջադեպերն ու թյուրիմացությունները» կանխելու համար: Բացի այդ, Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների աջակցությամբ պայմանավորվել են ստեղծել համակարգող կենտրոն, որը կվերահսկի Լիբանանում հրադադարի ռեժիմի պահպանմանը:
«Բոլոր հարցերով տեխնիկական բանակցությունները կշարունակվեն Բյուրգենշտոկ հանգստավայրում մինչև շաբաթվա վերջ»,- ասված է հայտարարության մեջ։
Շվեյցարիայում ընթացող բանակցություններում ԱՄՆ-ն ներկայացնում էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանական կողմը՝ այդ երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր։ Այն ենթադրում էր, որ կողմերը 60 օրվա ընթացքում պետք է բանակցություններ վարեին խաղաղության վերջնական պայմանագրի ձեռքբերման ուղղությամբ։
Լուսանկարում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը/Fabrice Coffrini/Keystone via AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել