Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
Թարմացում. Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոններից հրաժարականի մասին։ Նա նշել է, որ արդեն իսկ խոսել է Միացյալ Թագավորության միապետ Չարլզ III-ի հետ։ Նա այդ պաշտոնին կմնա մինչ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը, ում էլ Չարլզ III-ը կառաջարկի ձևավորել կառավարություն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ այն բանից հետո, երբ փաստացի զրկվել է մերձավոր կուսակիցների աջակցությունից։ Այդ մասին գրում են The Telegraph-ը և The Observer-ը։
Լեյբորիստական կուսակցության պատգամավորներից մեկի խոսքով՝ վարչապետն իր հրաժարականի ամսաթիվը կարող է արդեն հայտարարել երկուշաբթի օրը՝ հունիսի 22-ին։
Կառավարությունում The Telegraph-ի զրուցակիցն էլ նշել է, որ շաբաթ և կիրակի օրերին Սթարմերը մտածել է իր ապագայի մասին։ Հանգստյան օրերը վարչապետն անց է կացրել կնոջ՝ Վիկտորիայի հետ, Չեքերսում գտնվող պաշտոնական նստավայրում։
Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Սթարմերը գիտակցում է, որ «խաղն ավարտված է» և մտածում, թե «ինչպես պահպանի իր ժառանգությունը»։ Լեյբորիստական կուսակցությունում The Observer-ի աղբյուրն էլ նշել է, որ վարչապետը հակված է այն մտքին, որ անհրաժեշտ է արագ հրաժարական տալ։ «Նա բախվել է դաժան իրականությանը։ Աջակցություն այլևս չունի։ Իրականությունն այն է, որ բոլորը հասկանում են, որ ներկայիս իրավիճակում նա այլևս կենսունակ չէ»,- ասել է զրուցակիցը։
Բացի այդ, Սթարմերին հրաժարականի ժամկետներում կողմնորոշվելու կոչ մասնավոր կարգով արել են նաև կառավարության հինգ նախարարներ։ The Telegraph-ը գրում է, որ նրանց թվում են տրանսպորտի նախարար Հայդի Ալեքսանդերը, արտաքին գործերի նախարար Իվեթ Քուփերը և ներքին գործերի նախարար Շաբաա Մահմուդը։
Բիզնեսի և առևտրի հարցերով նախարար Փիթեր Քայլը հերքել է այն պնդումները, որ Սթարմերն այլևս հեղինակություն չունի և ունակ չէ իրականացնելու կառավարության ղեկավարի պարտականությունները։ Քայլի խոսքով՝ G7-ի գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել է հունիսի 15-17-ը, Սթարմերը մի քանի հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ «Ու շնորհիվ այդ հանդիպումների մեզ հաջողվել է իրագործել Հնդկաստանի հետ առևտրային մի քանի համաձայնագրեր, չնայած, հավատացեք, դա շատ բարդ պահ էր։ Այդպիսի արդյունքների հնարավոր չէ հասնել առանց հարգանքի ու հեղինակության»,- ասել է Քայլը։
Սթարմերի հրաժարականի պարագայում վարչապետի պաշտոնն կարող է զբաղեցնել Մեծ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնեմը, որը նախորդ շաբաթ հաղթել էր լրացուցիչ ընտրություններում և Մեյքերֆիլդից ընտրվել պատգամավոր։ Նա ևս Լեյբորիստական կուսակցությունից է։ The Telegraph-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ Բերնեի հաղթանակից հետո Սթարմերի կառավարության որոշ անդամների մոտ «տեղի է ունեցել բավականին նկատելի շարժում», , ինչի հետևանքով գործող վարչապետը սկսել է վերանայել կառավարության ղեկավարի պաշտոնում մնալու իր նախկին մտադրությունը։
BBC-ն նշում է, որ Սթարմերի դիրքերը թուլացրել է նաև մայիսին համայնքային ընտրությունների ժամանակ լեյբորիստների ջախջախիչ պարտությունը, որտեղ նրանք իրենց մանդատների մեծ մասը զիջեցին Նայջել Ֆարաջի աջ պոպուլիստական Reform UK կուսակցությանը։
Լուսանկարը՝ Isabel Infantes/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել