HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Բակուրիանի. սեզոնային կյանք

Բակուրիանի քաղաքային ավանը տեղակայված է Վրաստանի գրեթե կենտրոնում` Քարթլի եւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանների միջեւ: 2002 թ. մարդահամարի տվյալներով` այստեղ ապրում էր մոտ 3000 մարդ: Սակայն այս ընթացքում, հատկապես 2008 թ. օգոստոսյան իրադարձություններից հետո, բնակչության թիվը նվազել է` ի հաշվիվ ավանը լքած օսերի: Այժմ Բակուրիանիում ապրում է մոտ 500 ընտանիք, որի մոտ կեսը հայեր են:

Թե´ վրացի, թե´ հայ տեղաբնակները նշում են, որ միասին ապրում են հաշտ ու համերաշխ: Սակայն ավելի մտրեմիկ զրույցի ընթացքում հայերն անկեղծանում են, թե ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Անցյալ տարվա օգոստոսին Վրաստանի կողմից Հարավային Օսիայի վրա հարձակման եւ դրան հետեւած ռուս-վրացական պատերազմի հետևանքով Բակուրիանիում մթնոլորտը լարվել է ոչ միայն տեղի օսերի, այլեւ հայերի շուրջ:

«Ճիշտն օր ըսեմ, Ջավախքի հայերը քիչըմ աշխույժ, թասիբով ժողովուրդ են: Իսկ Ջավախքի գեղերը էստից 25 կմ են հեռու, ու օր բանըմ եղավ, կհելնեն, ոտքով ա քուքան: Էնդի վրացիք վախենան կը»,- ասում է 68-ամյա Ծովինար Մարտիրոսյանը:

Նա պատմում է, որ իր «պապն ու մամը» ավելի քան 50 տարի առաջ Բակուրիանի են տեղափոխվել Ջավախքի Տաբածխուր գյուղից: Հետո ինքն ամուսնացել է Սոսիկ Սարգսյանի հետ, ում համարում է շատ հայրենասեր մարդ:

«էս մարդն առավոտեն իրգուն տելեվիզորը միացած Էրեւանի ալիքը կաշե, ինքը Հայաստանով կաբրի ու ամեն ինչ կուզե առաջինն իմանա էդ երկրի մասին»,- ասում է Ծովինար տատը: Սակայն ամուսինը` Սոսիկ պապը, ավելացնում է, որ «Հ1-ը միացնում է» ավելի շատ ոչ թե ինչ-որ բան իմանալու, այլ տունը հայերեն խոսակցությունով լցնելու համար. «Մեր տունը մենակ հայերեն կըխոսինք»,- ասում է նա եւ կատակում, որ այդ կանոնին պետք է ենթարկվի նաեւ հեռուստացույցը: Իսկ ընդհանրապես, նա «Հ1»-ին վստահում է ճիշտ այնքան, ինչքան վրացական հեռուստաալիքներին, որոնք, վերջինիս գնահատմամբ, ոչ մի ճիշտ բան չեն ասում:

Սոսիկ պապն իր անվստահության պատճառները մատնանշում է կոնկրետ օրինակներով: Վրացական հեռուստաընկերությունները ոչինչ չեն ասել վերջերս Ջավախքում անօրինական զինված խմբավորում ստեղծելու եւ լրտեսության մեղադրանքով երկու հայ երիտասարդների ձերբակալության մասին: Իսկ «Հ1»-ը մինչեւ հիմա «սուտ ձեւով է» ներկայացնում նախորդ տարվա մարտի 1-ի իրադարձությունները:

Տարեց ամուսիններն ունեն երեք երեխա եւ վեց թոռ: Նրանք հպարտությամբ նշում են, որ իրենց երկու հարսները եւ փեսան հայեր են, մինչդեռ Բակուրիանիում ապրող ոչ բոլոր հայերն են գիտակցում ազգակցի հետ ամուսնանալու կարեւորությունը: Այս խնդրի սրությունը մանրամասնում է մեկ այլ բակուրիանցի` մասնագիտությամբ մանկավարժ Աշխեն Ծորմուտյանը:

«Եթե ծնողներից մեկը վրացի կամ օս է լինում, սովորաբար երեխաները տանը հայերեն այդքան շատ չեն խոսում: Իսկ այստեղ Ջավախքի նման չէ. դպրոցում հայերեն չեն սովորեցնում: Դրա համար շատ երեխաներ հայերեն չգիտեն եւ զրկվում են Հայաստանում կրթությունը շարունակելու հնարավորությունից: Արդյունքում հայերի ու հայրենիքի կապը չի ամրապնդվում»,- ասում է նա:

45-ամյա Աշխենն ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը եւ նաեւ դրանով է պայմանավորում հայրենիք տեղափոխվելու ու մշտական բնակություն հաստատելու իր մեծ ցանկությունը: Նրա որդին Թբիլիսիի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ է, իսկ աղջիկը սովորում է Թբիլիսիի համալսարանի դիզայներական բաժնում:

«Եթե նրանք հայերեն գրել-կարդալ իմանային, անպայման կուղարկեի Երեւան` սովորելու: Այստեղ լավ կապրինք, բայց թերի է իմ կյանքը. շատ եմ ուզում Հայաստանում ապրեմ: Բայց ի՞նչ անեմ, երեխեքիս խաթեր ամբողջ կյանքս պիտի Վրաստանում մնամ: Ջահելները ձգտում չունեն Երեւան գնալու»,- ասում է նա:

Բակուրիանցի Օլգա Օգանեզովայի հայրը հայ է, մայրը` օս, իսկ ամուսինը` վրացի: Նրա մեկամյա դստեր անունը Սալոմե է: 24-ամյա Օլգան հայերեն լավ չի հասկանում, որովհետեւ, ինչպես ինքն է ասում` պապի մահանալուց հետո տանը հայերեն չեն խոսում. «Միայն հայրս եւ տատիկս»: Օլգան երազում է Երեւան այցելելու մասին, որովհետեւ լսել է, որ այն գեղեցիկ քաղաք է: Սակայն մշտական բնակություն հաստատելու մասին երբեւէ չի էլ մտածել: «Այստեղ լավ է, նորմալ ապրում ենք ու ոչ մի բանից չենք դժգոհում»,- ասում է նա:

Բակուրիանին ավելի շատ հայտնի է իբրեւ դահուկային սպորտաձեւի հանգստյան գոտի: Խորհրդային Միության օրոք այստեղ անցկացվել են սպորտային զանազան մրցումներ` Սովետական Միության մասշտաբով: Դեռ նախորդ դարում Բակուրիանիում կառուցվել են հանգստյան տներ, տուրիստական կենտրոն եւ սպորտային համալիրներ: Հիմնադրվել են սահնակային, դահուկային սահուղիներ, ինչպես նաեւ` հեծանվային ուղիներ: Բակուրիանին ունի բուսաբանական այգի եւ ավանային զբոսայգի:

Անկախացումից հետո ինպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Բակուրիանիում բնակչության սոցիալական վիճակը սրվել է: Սակայն վերջին տարիներին այստեղ լայն թափ է առել շինարարությունը` իր վրա սեւեռելով հատկապես ձմեռային սպորտաձեւերի սիրահարների ուշադրությունը: Վրաստանի կառավարությունը հայտ էր ներկայացրել 2014 թ. Օլիմպիական խաղերը Բակուրիանիում անցկացնելու համար: Տեղացիները նշում են, որ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում հայաստանցիները, ինչը պայմանավորում են գների համեմատաբար մատչելիությամբ:

Բակուրիանցիների հիմնական եկամուտը գոյանում է զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններից: Սակայն հյուրանոցային բիզնեսում հայերն այդքան էլ ներգրավված չեն: Նրանք հիմնականում աշխատում են շինարարությունում կամ իրենց տան սենյակներից մեկը վարձով տրամադրում են եկվորներին (մեկ օրվա համար` սկսած 10 լարիից, որը կազմում է մոտ 1800 դրամ): Քիչ չեն նաեւ վարձույթով դահուկներ, սահնակներ, ձյունագնացներ, ինչպես նաեւ ձիեր տրամադրողները:

Ամռանը զբոսաշրջիկները անտառապատ լեռներով շրջապատված Բակուրիանի են այցելում պարզապես հրաշալի բնություն ունեցող ավանում հանգստանալու համար: Բակուրիանցիները նշում են, որ ամռան եւ ձմռան սեզոնին իրենց վաստակած գումարը սովորաբար ամբողջ տարվան բավարարում է, եթե, իհարկե, եղանակն անակնկալ չի մատուցում եւ ինչպես այս տարի էր` ձմեռը սակավաձյուն չի լինում:

Տեղացիները նախատեսում են, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն առնվազն կհարվածի շինարարության տեմպերին: Սակայն վստահ են, որ հանգստացողները, որոնց մեծամասնությունը վրացի հարուստներն են, շարունակելու են այցելել իրենց քաղաքային ավան, որովհետեւ, ինչպես իրենք են ասում` Վրաստանում ճգնաժամը հասարակ մարդկանց համար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter