Վլադիմիր Զելենսկին պահանջում է Բելառուսից հեռացնել անօդաչուների «վերահաղորդիչները»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելառուսի իշխանություններից պահանջում է մեկ շաբաթվա ընթացքում այդ երկրի տարածքից հեռացնել այն սարքավորումները (նրա խոսքով՝ «վերահաղորդիչներ»), որոնք, ըստ նրա, օգնում են ռուսական անօդաչու թռչող սարքերին հարվածներ հասցնել Ուկրաինային։ Զելենսկին հայտարարել է, որ եթե Մինսկը դա չանի, ապա Ուկրաինան ինքն է «լուծելու այդ հարցը»։ Փոխարենը Բելառուսի նախագահը պնդում է, որ իր երկիրը չպիտի ներքաշվի պատերազմի մեջ, իսկ Ռուսաստանը հայտարարում է մերձավոր դաշնակցին պաշտպանելու պատրաստակամության մեջ։
Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը դարձյալ պնդել էր, որ Բելառուսի տարածքում տեղակայված են ռուսական և բելառուսական վերահաղորդիչներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ հարվածները համակարգելու համար։ «Այդ երկրի տարածքում գտնվող աշտարակների վրա կան վերահաղորդիչներ, ռուսական վերահաղորդիչներ, բելառուսական…: Ի՞նչ տարբերություն, թե դրանք ռուսական են, թե բելառուսական։ Դրանք գտնվում են այդ երկրի տարածքում՝ Ուկրաինային սահմանակից երկու մարզերի երկայնքով, և ուղղորդում են ուկրաինական բնակչության վրա ուղղված կրակը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար մեկ շաբաթը բավարար է դրանք հեռացնելու համար։ «Կարծում եմ՝ մեկ շաբաթը բավարար է։ Ամեն օր դրանց պատճառով զոհվում են մեր խաղաղ բնակիչները, վիրավորվում են երեխաներ։ Եթե նա դա չանի, մենք կանենք»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Հունիսի 23-ին ուկրաինական «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին կրկնել է իր պահանջը՝ նշելով, որ Բելառուսը պետք է անջատի և ապամոնտաժի այդ սարքավորումները՝ ապացուցելով, որ դրանք այլևս չեն գործում։
«Թող անջատեն, հանեն և ցույց տան մեզ, որ դա արել են։ Այդ դեպքում հարցը փակված կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ Կիևը նախկինում մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել է Մինսկի հետ շփումներում, իսկ այժմ որոշել է այն հրապարակային դարձնել։
«Եթե նրանք չհեռացնեն, մենք դա կանենք։ Վերջ։ Կամ նրանք, կամ մենք։ Մինչ այժմ որևէ արձագանք չենք ստացել»,- հավելել է Զելենսկին։
Բելառուսի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Ուկրաինայի նախագահի մեղադրանքները։ Սակայն հունիսի 24-ին Գոմելի մարզի ղեկավար Իվան Կրուպկոն հայտնել է, որ հանդիպել է Լուկաշենկոյի հետ։ Վերջինս իրեն խնդրել է փոխանցել մարզի բնակիչներին, որ անհանգստանալու պատճառ չկա։ «Մենք ունենք բավարար ուժեր և միջոցներ ցանկացած ագրեսորի հարձակումը հետ մղելու համար։ Ամեն ինչ արվելու է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտարարել է Կրուպկոն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել, որ Զելենսկու հայտարարությունների նպատակը Բելառուսին հակամարտության մեջ ուղղակիորեն ներքաշելն է և ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելը։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականի մարտից ուժի մեջ է Մոսկվայի և Մինսկի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը։ «Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները՝ մեր դաշնակցի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի նախագահի հայտարարությունները որակել է որպես «բացարձակապես ագրեսիվ սպառնալիքներ»։ «Սա միջամտություն է այլ պետության ներքին գործերին և ոտնձգություն նրա ինքնիշխանության նկատմամբ»,- նշել է Պեսկովը։ Նա նշել է, որ Պուտինը այս թեմայով քննարկումներ կունենա Լուկաշենկոյի հետ։ Մինչդեռ հենց Ռուսաստանի նախագահը չի մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու խոսքերը։
Հունիսի 20-ի երեկոյան իր տեսաուղերձում Զելենսկին հայտնել էր, որ Բելառուսի տարածքում` Գոմելի և Բրեստի մարզերում՝ Ուկրաինայի սահմանին մոտ, առնվազն չորս նման վերահաղորդիչ է գործում։ Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ հենց այդ սարքավորումների օգնությամբ են իրականացվել Ժիտոմիրի, Ռովնոյի և Վոլինի մարզերի ուղղությամբ, ինչպես նաև Ուկրաինայի էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների դեմ հարձակումները։
Թեև Լուկաշենկոն հրապարակայնորեն չի արձագանքել վերահաղորդիչների վերաբերյալ մեղադրանքներին, վերջին օրերին նա մի քանի անգամ հայտարարել է, որ Բելառուսը չի ցանկանում ներգրավվել ռուս-ուկրաինական պատերազմում։ Արաբական Al Arabiya հեռուստաալիքի հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ Բելառուսը ռազմական տեսանկյունից խոցելի է։
«Մենք հասկանում ենք, որ եթե Ուկրաինան սկսի հարվածել Բելառուսին այնպես, ինչպես հարվածում է Ռուսաստանին, ապա մեր երկիրը շատ խոցելի վիճակում կհայտնվի։ Ուկրաինական զինվորականների համար Բելառուսը, կարելի է ասել, ափի մեջ է»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Բելառուսի արտադրական և լոգիստիկ կարևոր օբյեկտները կարող են հայտնվել ուկրաինական հարվածների տակ, և նշել, որ, ըստ բելառուսական կողմի տեղեկությունների, Ուկրաինան արդեն իսկ շուրջ 500 թիրախ է նախանշել Բելառուսի տարածքում։
Մայիսին ուկրաինացի մի շարք պաշտոնյաներ և զինվորականներ հայտարարել էին, որ Ռուսաստանը Բելառուսի տարածքից կարող է նոր հարձակում նախաձեռնել Ուկրաինայի հյուսիսի ուղղությամբ, և այդ գործողությանը կարող են ներգրավվել նաև բելառուսական զորքերը։ Այդ հայտարարությունների ֆոնին Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով դիմել էր Լուկաշենկոյին՝ նշելով, որ «առաջին 500 թիրախներն արդեն նշված են»։
Լուսանկարը՝ dhnet.be-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել