HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թաքուն դատ` «Ադնակլասնիկի» գործով

Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակել է «Ադնակլասնիկի» գործով դատավարությունը:

«Հերիք չի` մեր երեխու գլուխը կերան, հիմա էլ առանց մեզ դա՞տ են անում: Խի՞ մեր տղուն իրանց նվե՞ր էինք տվել, որ ինչ ուզում, անում են: Ուրիշ բան` Ղարաբաղում զոհված լիներ. դեռ մի բան էլ հպարտ կլինեինք: Բայց սպանել են, հասկանո՞ւմ եք, ու մենք չենք կարող հանգիստ տեղներս նստենք»,- ասում է Սուսաննա Բաբայանը` սպանված Անդրանիկ Բաբայանի մայր:

Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին «Ադնակլասնիկ» սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր շարունակ ուշքի չգալով, մահացավ: Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար եւ հիշյալ սրճարանի համասեփականատեր Արթուր Սահակյանը հայտարարեց, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ»:

Լեւոն Սարգսյանին (մականունը` «Ալրաղացի Լյով»), բնականաբար, որեւէ բանում չմեղադրեցին: Ավելին` նրան հարցաքննեցին միայն դեպքից ամիսներ անց: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց պատգամավորի «բանդայի»  3 անդամներին` Սահակ Ազիզբեկյան, Արմեն Սարգսյան եւ Սամվել Ալիխանյան:

Քրեական գործից անջատվեց «Ադնակլասնիկում» տեղի ունեցած «խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասը», իսկ հրշյալ երեքի մասով գործն ուղարկվեց դատարան` ըստ էության քննելու:

Սակայն դատարանը գործը չքննեց «ըստ էության»: Ամբաստանյալների պաշտպան Գարեգին Մարգարյանի միջնորդությամբ` հենց առաջին նիստի օրը դատավոր Վարդան Աբրահամյանը որոշեց կիրառել արագացված դատաքննություն, քանի որ մեղադրյալները լիովին ընդունել են առաջադրված մեղադրանքը:

«Դրանից հետո նշանակված նիստը հետաձգվեց, եւ ես անձամբ դատարանում մոտեցա դատավորի օգնականին, ներկայացա եւ խնդրեցի, որ երբ նիստի օրն ու ժամը կնշանակվի, մեզ տեղյակ պահեն: Ասաց` անպայման, ու ես զգուշացրի, որ առանց մեզ հանկարծ դատ չանեն: Բայց տեսեք, թե ինչ արեցին. ախր նման բան ո՞նց կլինի, առանց տուժող կողմի դա՞տ են անում: Էս անարդարությունների դեմ մենք մինչեւ վերջ բողոքելու ենք»,- ասում է սպանված Անդրանիկի կինը` Աննա Մովսիսյանը:

Մինչ մեր զրույցը նա նույնիսկ տեղյակ չէր, որ դատարանը երեկ անցկացրել էր այս գործով երկրորդ նիստը:

Սահակ Ազիզբեկյանը մեղադրվում է «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» (Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) եւ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» համար, որն «անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը»: Իսկ Արմեն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել միայն 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Երեկվա նիստում վերջիններս դատարանից խնդրել են ցուցաբերել մեղմ մոտեցում` հայտնելով, որ լիովին զղջում են կատարվածի համար: Իսկ մեղադրող Արթուր Դավթյանը դատարանին միջնորդել է Սամվել Ալեքսանյանին եւ Արմեն Սարգսյանին դատապարտել 3-ական տարվա ազատազրկման, իսկ Սահակ Ազիզբեկյանին, հաշվի առնելով նաեւ նախկինում ունեցած նրա դատվածությունը (որով նշանակված պատժի ժամկետը դեռեւս չի մարվել), դատապարտել 9 տարվա ազատազրկման:

Հաջորդ նիստին` մարտի 23-ին, դատավոր Վարդան Աբրահամյանը հրապարակելու է դատավճիռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter