Ավրորա» մրցանակի դափնեկիր Դենիս Մուկվեգեն ընդլայնում է աջակցությունը տեղական մարդասիրական գործիչներին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է բժիշկ Դենիս Մուկվեգեի կողմից դրամաշնորհների տրամադրման երկրորդ փուլի մասին։ Հայտնում է Նախաձեռնության մամուլի ծառայութունը։
«Աշխարհում հայտնի վիրաբույժ եւ կոնգոյացի իրավապաշտպան, 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Մուկվեգեն դրանց միջոցով կաջակցի մի շարք ազդեցիկ նախագծերի իրականացմանն Աֆրիկայում եւ Կոլումբիայում։ Քանի որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ) պայքարում է Էբոլայի համաճարակի բռնկման դեմ, տրամադրվող միջոցները կամրապնդեն մարդասիրական արձագանքը տարածաշրջանում։ Դրան է ուղղված նաեւ դրամաշնորհը Հարավային Կիվու նահանգում իրականացվող «Մոսեկա» գործողությունների նախագծին: «Ավրորայի» աջակցությամբ «Մոսեկան» սկսում է նոր նախաձեռնություն, որը կօգնի արձագանքել Էբոլայի ճգնաժամին՝ կանանց կարողությունների զարգացման, տնտեսական կայունության եւ համայնքում կրթության մակարդակի բարձրացման միջոցով:
Ֆինանսական աջակցությունը տեղական մակարդակով իրականացվող նախագծերին ցույց է տալիս, թե ինչպես կարող են նպատակային դրամաշնորհներն ամրապնդել համայնքի իրազեկման ռազմավարությունները՝ օգնելով ընտանիքներին պաշտպանել իրենց տնային տնտեսությունն ու միաժամանակ ձեւավորելով վստահություն համայնքների ու առողջապահական ծառայություն իրականացնողների միջեւ։
«Ընտրությունը, թե ով պետք է ստանա դրամաշնորհ, վստահության եւ պատասխանատվության դրսեւորում է»,– ասաց 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Դենիս Մուկվեգեն, որը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է։ «Այս անհատներից եւ կազմակերպություններից յուրաքանչյուրը տառապանքին արձագանքում է համարձակորեն, արժանապատվորեն եւ գործնական լուծումներով, որոնց հիմքում իրենց համայնքի կարիքների խորքային գիտակցումն է։ Նրանց հետ կիսելով «Ավրորա» մրցանակը՝ ես նպաստում եմ այն աշխատանքին, որն ուղղված է երեխաների պաշտպանությանը, կանանց աջակցությանը, ընտանիքների ամրապնդմանը, եւ որը բռնությունից ու տեղահանությունից տուժած մարդկանց տալիս է վերականգնման եւ հույսի հնարավորություն»։
Ըստ դրամաշնորհային եզակի մոդելի՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն անձնապես ստանում է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի միայն մի մասը՝ մնացածն ուղղելով այլ արժանի մարդասերների։ «Ավրորայի» մրցանակի մյուս հավակնորդները՝ «Ավրորայի» հերոսները, ստանում են 50.000-ական ԱՄՆ դոլար պարգեւ՝ իրենց նշանակալի ձեռքբերումների համար։
Այս փուլում դափնեկրի տրամադրած դրամաշնորհները կնպաստեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Սոմալիում, Մալավիում, Բուրկինա Ֆասոյում եւ Կոլումբիայում տեղական ջանքերով իրականացվող ծրագրերի զարգացմանը։ Ֆինանսական միջոցները կուղղվեն դպրոցական սննդի ապահովմանը, ավելի անվտանգ ուսումնական միջավայրի ստեղծմանը, առողջապահական, սոցիալ-հոգեբանական եւ իրավական ծառայությունների ապահովմանը, կենսապահովման հմտությունների ուսուցմանը, կանանց եւ երեխաների պաշտպանության ծրագրերին։ Մի քանի դրամաշնորհ կտրամադրվի առաջին փուլի որոշ ծրագրեր շարունակելու համար, ինչն արտացոլում է «Ավրորայի» հանձնառությունը՝ ապահովելու կայուն աջակցություն տեղում գործող մարդասեր-հերոսներին եւ նրանց համայնքներին։
Ահա այն կազմակերպությունների եւ անհատ գործիչների ամբողջական ցանկը, որոնց ֆինանսավորում է տրամադրել բժիշկ Մուկվեգեն․
- Երանելի Անուարիտի բարեգործական միություն /Pieuse de la Bienheureuse ANUARITE de Compassion (ԿԴՀ)․ դրամաշնորհի օգնությամբ «Ավրորայի» հերոս քույր Անժելիկ Նամայկայի ղեկավարած այս կազմակերպությունը կացարան, սնունդ, կրթություն, առողջապահական ծառայություններ եւ ավելի անվտանգ պայմաններ է ապահովում Օ-Ուելե նահանգի որբ երեխաների եւ խոցելի ընտանիքների համար։
- CEPAC-Նասիբունդու տարրական դպրոց (ԿԴՀ). այս նախագծին ուղղված միջոցներն օգնում են ավարտել դպրոցի շինարարությունը Հարավային Կիվու նահանգի Կաշեկե գյուղում։
- «Էլման» խաղաղության կենտրոն (Սոմալի)․ հատկացված դրամաշնորհով 2020 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանի եւ Իլվադ Էլմանի ղեկավարած կազմակերպությունն ամեն օր նախաճաշ եւ ճաշ է տրամադրում Մոգադիշոյում գործող «Էլման» նախակրթարանի սաներին։
- Կարեկցանքի միջազգային հարթակ /Interface Compassion Internationale (ԿԴՀ)․ այս կազմակերպությունն իրեն ուղղված միջոցներով սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջնային բժշկական օգնություն եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում Հարավային Կիվու նահանգի Կալեհե քաղաքում հակամարտությունից տուժած կանանց եւ երեխաներին:
- «Մոսեկա» գործողությունների նախագիծ (ԿԴՀ)․ այն օգնում է Հարավային Կիվուի կանանց եկամուտ ստանալ օճառի արտադրության, հացաբուլկեղենի պատրաստման եւ համայնքային գյուղատնտեսության մասին դասընթացների եւ փոքր բիզնեսի զարգացման միջոցով։
- «Աղջիկները՝ հանուն փոփոխության» կազմակերպություն (Մալավի)․ ստացած դրամաշնորհով «Ավրորայի» մերօրյա հերոս Վիրջինյա Խունգունիի ղեկավարած կազմակերպությունն ստեղծում է կարողությունների զարգացման անվտանգ կենտրոն, որտեղ Ձալեկայի փախստականների ճամբարի դեռահաս աղջիկներն ու երիտասարդ կանայք սովորում են կարուձեւ ու ձեռքի աշխատանք։
- «Յենենգա առաջընթաց» /Yennenga Progress (Բուրկինա Ֆասո)․ այս ծրագիրն ապահովում է բժշկական խնամք, սոցիալ-հոգեբանական աջակցություն եւ կանխարգելիչ առողջապահական ծառայություններ բժիշկ Մուկվեգեի կենտրոնում, որը գտնվում է Զինիարի քաղաքի Նակամթենգայի շրջանում։
- «Կյանք սերմանող կանայք» ընկերակցություն /Women Sowing Life Association (Կոլումբիա). «Ավրորայի» մերօրյա հերոս Յիրլեյ Վելասկոյի ղեկավարած այս կազմակերպությունն օգնում է Էլ Սալադոյի կանանց եւ երիտասարդներին իմանալ իրենց իրավունքները, ստանալ սոցիալ-հոգեբանական եւ իրավական աջակցություն, բարձրացնել պաշտպանությունը սեռական բռնությունից։
«Բժիշկ Մուկվեգեի աշխատանքը վաղուց ցույց է տալիս աշխարհին, թե ինչ է նշանակում խիզախությունն ու բարոյական պատասխանատվությունը վերածել համապարփակ հոգատարության»,- նշեց Ալեքսեյ Մեդվեդեւը՝ «Ավրորա» մրցանակի քարտուղարության թիմից։ «Ճգնաժամային այս շրջանում նրա դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլն արտացոլում է այդ նույն ոգին եւ ցույց տալիս, որ «Ավրորա» մրցանակն արդյունավետ ճանապարհ է ստեղծում բացառիկ մարդասերների համար՝ աջակցելու համայնքային այլ առաջնորդների, խորացնելու այն աշխատանքը, որին ապավինում են համայնքները, եւ օգնում, որ ճկուն ֆինանսավորումը հասնի կարիքին ամենամոտ կանգնած մարդկանց»։
Հիմա, երբ մարդասիրության ոլորտի ֆինանսավորումն աշխարհում ավելի ու ավելի անորոշ է դառնում, «Ավրորայի» դրամաշնորհային այս մոդելն առաջարկում է անմիջական, վստահության վրա հիմնված աջակցության գործնական օրինակ, որն օգնում է փոխել մարդկանց կյանքն այնտեղ, որտեղ ամենից շատ կա դրա կարիքը։ Այն նաեւ ցույց է տալիս, թե ինչպիսի հսկայական ազդեցություն կարող է ունենալ փոքր դրամաշնորհը, երբ այն ուղղվում է տեղում աշխատող եւ համայնքի ներսում ամուր կապեր ունեցող տեղական մարդասիրական գործիչներին։
««Մոսեկա» նախաձեռնությունը մեկնարկեց մեր ժողովրդի համար շատ բարդ ժամանակահատվածում․ մեր համայնքում այժմ Էբոլայի բռնկում է։ Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս՝ բարձրացնելու Էբոլայի մասին իրազեկությունը։ Սա կօգնի ամրապնդել հիգիենայի կարեւոր կանոններին հետեւելու պրակտիկան։ Այն կիրառելով՝ կանայք կարող են պաշտպանել իրենց եւ իրենց ընտանիքներին։ Մենք ուրախությամբ կհետեւենք այս նախագծի զարգացմանը, որպեսզի տեսնենք՝ ինչ ազդեցություն այն կունենա կանանց կյանքի որակի ու նրանց համայնքների վրա»,- ասաց «Ավրորայի» եւ բժիշկ Մուկվեգեի աջակցությամբ իրականացվող «Մոսեկա» նախագիծը ներկայացնող Բիժու Մուշենգեզին»,- նշվում է հաղորդագրությունում։
Լուսանկարում՝ Հարավային Կիվու նահանգում «Մոսեկա» գործողությունների նախագծով աջակցություն ստացած համայնքի անդամները, ԿԴՀ, 2026 թ.։ Լուսանկարը՝ «Մոսեկա» գործողությունների նախագծի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել