HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատավճիռ եւ կասեցում` «Ադնակլասնիկի» գործով

Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին «Ադնակլասնիկ» սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր ուշքի չգալով, մահացավ: Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար եւ հիշյալ սրճարանի համասեփականատեր Արթուր Սահակյանը հայտարարեց, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ»: Սակայն Լեւոն Սարգսյանին (մականունը` «Ալրաղացի Լյով»), բնականաբար, որեւէ բանում չմեղադրեցին: Ավելին` նրան հարցաքննեցին միայն դեպքից ամիսներ անց: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց պատգամավորի «բանդայի» 3 անդամներին` Սահակ Ազիզբեկյան, Արմեն Սարգսյան եւ Սամվել Ալիխանյան:

Սահակ Ազիզբեկյանը մեղադրվում էր «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» (Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) եւ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» համար, որն «անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը»: Իսկ Արմեն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին մեղադրանք էր առաջադրվել միայն 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ավարտելով արագացված դատաքննությունը` երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, Սահակ Ազիզբեկյանին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Ալեքսանյանին եւ Արմեն Սարգսյանին` համապատասխանաբար 2,5 եւ կես տարվա ազատազրկման:

Արմեն Սարգսյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը մի քանի օրից կլրանա, եւ նա կրկին կհայտնվի ազատության մեջ:

Սպանված Անդրանիկ Բաբայանի հարազատների փոխանցմամբ` Վարդան Աբրահամյանի կայացված դատավճիռը, հավանաբար, կբողոքարկեն: Հավանաբար, որովհետեւ ի սկզբանե գիտեն, որ «արդյունքում ոչինչ չի փոխվելու»:

Իսկ ոստիկանության լրատվության բաժնից «Հետքին» հայտնեցին, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին քրեական գործից անջատված «Ադնակլասնիկում» տեղի ունեցած խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասով գործի վարույթը կասեցվել է` հանցագործությանը մասնակցած անձի կամ անձանց ինքնությունը հայտնի չլինելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter