Պետերբուրգյան իրավաբանական համաժողովում Սրբուհի Գալյանը խոսել է ընտրություններից և դատաիրավական բարեփոխումներից
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում՝ «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սրբուհի Գալյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին.
- Խորհրդարանական ընտրությունները վերահաստատել են երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին։
Ֆորումի ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները.
- Մինչև 2 մլն դրամի բռնագանձման պահանջներով գործերի քննությունը պատվիրակվել է նոտարներին, արդյունքում՝ դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է։
- Քաղաքացիական և վարչական գործերի քննության համար սահմանվել են ողջամիտ ժամկետներ։
Կարևորվել է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, մասնավորապես՝
- Ներդրվել է արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտը։
- Պարտադիր հաշտարարության ներդրումը նպաստել է դատարաններ մուտք գործող ընտանեկան գործերի թվի զգալի նվազմանը։
Ներկայացվել են արդարադատության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ
- էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումը,
- իրավական տեղեկատվական համակարգերի արդիականացումը,
- թվային ծառայությունների զարգացումն ու նոր էլեկտրոնային բիզնես ռեեստրի գործարկումը։
Նախարարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝
- ներդվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ,
- խստացվել են պաշտոնատար անձանց ներկայացվող բարեվարքության պահանջները,
- ներկայացվել է այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման փորձը, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։
Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը նշել է, որ արդարադատության համակարգի արդյունավետ բարեփոխումը հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների, թվային լուծումների և միջազգային համագործակցության համադրման միջոցով՝ կարևորելով փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության շարունակական զարգացումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել