HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել Մոլդովայի հետ Ռումինիայի միավորմանը

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, կողմ է քվեարկել Ռումինիայի և Մոլդովայի միավորման վերաբերյալ «S.O.S. Romania» կուսակցության օրինագծին։ Այդ մասին նշվում է այդ երկրի խորհրդարանի պաշտոնական կայք էջում։   

Ինչպես նշում են ռումինական լրատվամիջոցները, օրինագծի նկատմամբ գործարկվել է, այսպես կոչված, «լուռ ընդունման» գործընթացը։ Այն ենթադրում է, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք 45 օրվա ընթացքում չեն քննարկվել և չեն մերժվել խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, ավտոմատաբար համարվում են ընդունված։

«Ռումինիայի խորհրդարանը որոշում է կայացնում Մոլդովայի Հանրապետության հետ միավորվելու մասին։ Ռումինիայի խորհրդարանը լիազորում է երկրի կառավարությանը անհապաղ, շտապ կարգով բանակցություններ սկսել Քիշնևի իշխանությունների հետ՝ Մոլդովայի Հանրապետության հետ միավորումը վերջնական ձևակերպելու նպատակով»,- ասված է փաստաթղթի երկրորդ և երրորդ հոդվածներում։ Հիմա այս օրինագիծը կներկայացվի Սենատի քննարկմանը։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 2026 թվականի հունվարին բացահայտ հայտարարել էր Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման օգտին։ «Եթե մենք հանրաքվե կազմակերպենք, ապա ես կքվեարկեմ Ռումինիայի հետ միավորվելու օգտին»,- բրիտանական The Rest is Politics փոդքասթին տված հարցազրույցում ընդգծել էր նա:

Սանդուն բազմիցս մեղադրել է Մոսկվային Մոլդովայի ներքաղաքական գործերին միջամտելու փորձերի համար։ «Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Փոքր երկրի համար, ինչպիսին Մոլդովան է, գնալով ավելի դժվար է դառնում գոյատևել որպես ժողովրդավարություն, որպես ինքնիշխան պետություն և, իհարկե, դիմակայել Ռուսաստանին»,- նույն փոդքասթի ժամանակ նշել էր նա։ 

Վերջին տարիներին Մոլդովայում կտրուկ աճել է Ռումինիայի հետ միավորման կողմնակիցների թիվը, առաջին հերթին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պայմաններում։ 2026 թվականի մարտին անցկացված հարցման համաձայն՝ Մոլդովայում քաղաքացիների մոտ 42 տոկոսը կողմ է այդ գաղափարին, 47 տոկոսը՝ դեմ։ Ռումինիայում ներկայումս միավորման օգտին պատրաստ է քվեարկել բնակչության մոտ 72 տոկոսը:

Տարբեր գնահատականներով՝ Մոլդովայի մոտ 2,4 միլիոն քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը Ռումինիայի քաղաքացիություն ունի։ Ռումինիան Մոլդովայի կարևորագույն առևտրային գործընկերն է։ Բուխարեստը օգնել է Քիշնևին ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից և միանալ եվրոպական էներգետիկ ցանցերին։

Lուսանկարը՝ EPA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter