HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փոխոստիկանապետի սպանության գործով առաջ են քաշվել նոր վարկածներ

«Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործով, բացահայտման հետ կապված, այս պահի դրությամբ որեւէ նորություն չեմ կարող ասել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը եւ ավելացրեց. «Առաջ են քաշվել նոր վարկածներ, եւ բոլոր ուղղություններով տարվում է ինտենսիվ աշխատանք»:

Իսկ մեկ ամիս առաջ` փետրվարի 27-ին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ Մհերյանի սպանության առթիվ առաջ է քաշվել 4 հիմնական վարկած եւ խոստացավ լրագրողների հետ հաջորդ հանդիպման ժամանակ տրամադրել հստակ պատասխաններ, «քանի որ շատ շուտով առաջ քաշված վարկածների շրջանակը կնեղանա»:

Հունան Պողոսյանը հատուկ ընդգծեց, որ գործը գտնվում է անձամբ ոստիկանապետի ուղղակի հսկողության տակ, եւ եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ հավաքվում են նրա մոտ ու զեկուցում կատարված աշխատանքների մասին. «Եվ թող ոչ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ երբեւէ կարող են աշխատանքները դադարել»,- ասաց Հունան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ի երեկոյան` իր տան մուտքի մոտ դիմահար արձակված հրազենային կրակոցներից, որոնցից 1-ը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր հասցրել փոխոստիկանապետի կրծքավանդակի, 3-ը` գլխի շրջանում:

Հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվեց քրեական գործ՝ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության (պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) եւ ապօրինի զենք, ռազմամթերք իրացնելու կամ կրելու համար:

Դեպքի վայրում սպանության գործիք(ներ)ը չէր հայտնաբերվել: Զննությամբ հայտնաբերվել էր միայն 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ: Սպանությունը բացահայտելու համար ձեւավորված օպերատիվ-քննչական խմբում ներգրավված են ոստիկանության, ազգային անվտանգության, հատուկ քննչական ծառայության աշխատակիցները:

Գեւորգ Մհերյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն էր: 2008 թ. հուլիսի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գ. Մհերյանը նշանակվեց փոխոստիկանապետ: Նա որեւէ սկանդալային պատմության մեջ չէր հայտնվել եւ չէր պատկանում այն բարձրաստիճան ոստիկանների թվին, որոնք ունեն զանազան բիզնեսներ: Մհերյանը հիմնականում զբաղված էր ոստիկանության համակարգի օրենսդրական բարեփոխումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter